Սուրբ Եփրեմ Ասորի. Պողոս Առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին թղթի մեկնությունից
Եվ ես, թեպետև եկա ձեզ մոտ, սակայն ոչ խոսքի առավելությամբ, ո՛չ ճարտարախոսների իմաստությամբ և ո՛չ էլ բանաստեղծների իմաստությամբ՝ ավետարանելու ձեզ Աստծո խորհուրդները: Քանզի իմ մտքում չեմ դրել իմանալ ձեր մեջ այլ բան, եթե ոչ միայն՝ Հիսուս Քրիստոսին և նույն Ինքը՝ Խաչվածին:
Եվ ես ձեզ մոտ եկա տկարությամբ, երկյուղով և դողով, այլ ոչ՝ պարծանքով և հպարտությամբ: Եվ իմ խոսքերն ու քարոզչությունը ոչ թե պատրողական իմաստությամբ է, այլ՝ Աստծո համոզիչ զորությամբ, այսինքն՝ Սուրբ Գրքի Հոգու ազդումով և նշանների զորությամբ: Եվ այս ամենն արեցի, որպեսզի ձեր հավատքը չլինի մարդկային իմաստությամբ, այլ՝ Աստծո զորությամբ:
Իմաստությունը քարոզում ենք ոչ թե մանուկներին, այլ՝ կատարյալներին, իմաստություն, որ այս աշխարհինը չէ և ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանված իշխանների իմաստությունը, այլ քարոզում ենք Աստծո խորհրդավոր, թաքուն իմաստությունը, այսինքն՝ խորհրդի միջոցով, որի մասին ակնարկեցին մարգարեները, այն, որի ճշգրտությունը բոլորից ծածկված էր, այն, որ Աստված նախապես սահմանել էր Իր փառքի համար նախքան հավիտյանները, քանի որ Աստծո խորհրդով սա հաստատվել էր աշխարհի լինելուց առաջ, որ լինելու էր ժամանակների ավարտին: Եվ այս աշխարհի իշխաններից, քահանաներից ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև եթե ճանաչած լիներ, մի՞թե խաչը կհաներ փառաց Տիրոջը:
Եվ սա այն է, ինչի մասին առաքյալներն ասացին, թե գիտենք, որ դուք դա մոլորությամբ և խաբեությամբ գործեցիք, արդ, դարձի եկեք և ապաշխարեք, և դա ձեզ մեղք չի համարվի:
Այլ, ինչպես գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ», և որտե՞ղ է գրված սա՝ մեր Տիրոջ Ավետարանում, որ ասաց, թե. «Թագավորներն ու արդարները ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել՝ ինչ որ դուք լսում եք, բայց չլսեցին» (Մատթ. 13:17), բայց մեզ հայտնեց Իր Հոգու միջոցով կամ զորությամբ, որ գործում էր նրանց միջոցով, կամ այն է, որ ասաց.
«Մխիթարիչ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի» (Հովհ. 14:26), իսկ Հոգին, ասում է, քննում է ամեն ինչ, այսինքն՝ հայտնում է: Իսկ ո՞վ է մարդկանցից, որ մարդկային ամեն ինչ գիտե, եթե [չուսուցանի] մարդուն հոգին, որ իր մեջ է: Նույնպես նաև աստվածայինը, Նրա Հոգին միայն բավարար է հասու դարձնել Նրա խորհուրդներին:
Ուրեմն, մենք ոչ թե այլ հոգի առանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհվեց մեզ: Ոչ թե այն բանի համար, որ մեր գործերը միայն հոգևոր են, այլ որ մենք քարոզում ենք ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ՝ Հոգու վարդապետությամբ, քանզի հոգևոր գործերի միջոցով ենք քարոզում ձեզ և հոգևորի հետ ենք համեմատում մեր հոգիները, այսինքն՝ ձեզ, որ Հոգու լեզվով եք խոսում:
Քանզի նրանք, ովքեր շնչավոր են, չեն ընկալում Հոգուն, նրանք հիմարություն են համարում այս, և այստեղ է, որ ասվում է. «Մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք» (Մատթ. 7:6), և չեն կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք և հոգևոր մարդու կողմից դատապարտվում: Իսկ հոգևոր մարդը, որ առաջնորդվում է Սուրբ Հոգու ներգործությամբ, ամեն ինչ քննում է, և ինքը ոչ ոքից չի քննվում:
Իսկ արդ, ո՞վ գիտե Տիրոջ խորհուրդները, միայն նա, ով հաղորդակից է նրան, ինչպես, օրինակ, ասվում է, թե առաջին արդարները, որ հաղորդակցվեցին Աստծուն՝ Նրան երկրպագելով, ճանաչեցին Աստծո կամքը, նույնպես նաև մենք՝ հաղորդակից լինելով Քրիստոսի չարչարանքներին՝ ստացանք Քրիստոսի մտածումը, ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Որին փառք հավիտյանս. ամեն:
Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ

