«Հայաստան» խմբակցությունը թատրոնին չի մասնակցի․ ԱԺ-ում «Մարտի 1-ի» գործով քննարկում կլինի

Վաղը՝ նոյեմբերի 18-ին, մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու իշխանությունը, այս անգամ՝ Ազգային ժողովում․ այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը և մանրամասնել.

«Հանրային  քննարկում են նախաձեռնել «Մարտի 1֊ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում։ Քաղաքական պատասխանատվությունը։

«Մարտի 1֊ի գործի»  վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլոք ընդդեմ Հայաստանի  գործով  լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական» երկար վերնագրով։ Հարկ է նշել, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011  թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։ Եվրոպական դատարանը մի քանի անգամ օգտագործում է. «դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որևէ  տեղեկատվություն կամ ապացույց» և նմանատիպ ձևակերպումներ։

Այսինքն՝ ընթացել է ոչ մրցակցային դատավարություն,  ինչը բնական է՝  Փաշինյանի կառավարությունը նրա մեղավորությունն ապացուցող փաստեր  չէր ներկայացնելու։ Իսկ որ մարտի 1-ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկը  ինքն էր, ակնհայտ է։

Դատարանը նաև արձանագրել էր, որ ցույցերը խաղաղ  չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ,  այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս  հասցներով պետական և մասնավոր սեփականությանը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին զոհվել է նաև երկու ոստիկան, իսկ 100-ից ավելին վիրավորվել են։ Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ՝ չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։

Կարևոր է նաև, որ դատարանը  որպես խախտում դիտարկում է մահվան դեպքերով ոչ արդյունավետ քննությունը, ինչը ևս մեծամասամբ այս իշխանության վրա է։  Աբսուրդ է նաև այն, որ 2018-ից հետո վերաբացված մարտի 1֊ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։

Բավական է նայել քննարկման նախաձեռնողների և զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, և այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի։

«Հայաստան» խմբակցությունը  նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։ Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1֊ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին»:

Տեսանյութեր

Լրահոս