Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը ոչ թե սահմանների կամ էթնիկական պատկանելության, այլ՝ մարդու իրավունքների համընդհանրության խնդիր է՝ կարծում են 23 միջազգային խորհրդարանականներ. «Լը Մոնդ». aravot.am
aravot.am. Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանի երկամյակի առթիվ՝ ֆրանսիական «Լը Մոնդ» հայտնի օրաթերթում հրապարակված հոդվածում տարբեր երկրների խորհրդարանների 23 անդամներ կոչ են անում հարգել միջազգային իրավունքը եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի վերադարձը, ինչը մինչ օրս չի իրականացվել՝ չնայած այդ ուղղությամբ կայացված միջազգային դատական ակտերին։
Հոդվածի ամբողջական թարգմանությունը ներկայացվում է ստորև.
«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտադրեց Ադրբեջանին անհապաղ ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, արժանապատիվ եւ անխոչընդոտ վերադարձը, նրանց ունեցվածքի պաշտպանությունը եւ մշակութային ժառանգության պահպանությունը։
Միջազգային իրավունքի սկզբունքների հիմքով կայացված այս որոշումը գերակայում է ցանկացած քաղաքական նկատառմանը, պայմանագրի կամ երկկողմ համաձայնագրի։
Երկու տարի անց, սակայն, այն մնում է չկատարված։ Ոչ մի գործողություն չի արվել փախստականներին իրենց տները վերադառնալու հնարավորություն տալու, նրանց իրավունքները պաշտպանելու կամ նրանց լքած քաղաքների ու գյուղերի վիճակը փաստագրելու ուղղությամբ: Հայերի ունեցվածքն ու մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում են ոչնչացվել, աղավաղվել կամ յուրացվել՝ նրանց ներկայությունն ու հետքերը վերացնելու նպատակով։
Միջազգային կառույցների եւ պետությունների կողմից գործողությունների բացակայությունը հարցեր է առաջ բերում, հատկապես մի ժամանակաշրջանում, երբ աշխարհի այլ ժողովուրդներ ևս վտանգված են։ Արդյո՞ք մենք պետք է լռությամբ գործնականում հավանություն տանք այն իրողությանը, որն իրավական առումով հստակորեն որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն եւ էթնիկ զտում։
Հիշեցնենք փաստերը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ինը ամսվա ամբողջական շրջափակումից հետո, որը նպատակ էր հետապնդում հայաթափել ողջ շրջանը, Ադրբեջանը զինված հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի վրա։
Մի քանի օրում, տարածքի վերջին 120 000 հայերը՝ սովից, զրկանքներից եւ բուժօգնության բացակայությունից ուժասպառ, քաղաքացիական բնակչության դեմ կիրառված բռնություններից ահաբեկված, ստիպված եղան զանգվածաբար լքել իրենց հայրենի տները։ Մինչ օրս այդ հանցագործության ծանրությանը համարժեք միջազգային քաղաքական արձագանք չի տրվել։
Ուժերի առկա հարաբերակցությունը չի կարող կասեցնել միջազգային իրավունքի կիրառումը․ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի իրավունքը գերակայում է ցանկացած աշխարհաքաղաքական հաշվարկի եւ մնում է համընդհանուր պատասխանատվություն՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներով։
Խառնաշփոթ խաղաղության ու անարդարության միջև
Միջազգային իրավունքը հստակ է․ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը ճանաչում է սեփական երկիր վերադառնալու յուրաքանչյուր անձի անքակտելի իրավունքը։ Այս իրավունքը կախված չէ անձի քաղաքացիությունից, այլ՝ տվյալ երկրի հողի, մշակույթի եւ հիշողության հետ ունեցած անհատի խորը եւ տևական կապի առկայությունից։
Այս իրավունքը չի պատկանում պետություններին, այլ՝ անհատներին: Որեւէ իշխանություն, անգործության կամ հրաժարման միջոցով, չի կարող այդ իրավունքի տերերին զրկել դրանից։ Խաղաղության ու անարդարության միջև խառնաշփոթը կենտրոնական տեղ է զբաղեցնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրի մեջ։
Թեպետ այն ներկայացվում է որպես պատմական փաստաթուղթ, սակայն համաձայնագիրը չի նախատեսում ո՛չ բռնի տեղահանվածների վերադարձ, ո՛չ գերիների ազատում, ո՛չ էլ հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն։ Փաստացի, այն վավերացնում է էթնիկ զտման հետեւանքները՝ միաժամանակ ուժեղացնելով Բաքվի եւ նրա դաշնակիցների ռազմավարական դիրքերը։ Ինչպե՞ս կարող է տևական խաղաղություն հաստատվել այն փաստաթղթով, երբ դրա հիմքում դրվում են սակարկությունները եւ միջազգային իրավունքի անտեսումը:
Եվ հատկապես, ի՞նչ պանդորայի արկղ են բացում ժողովրդավարական երկրները, երբ լռում են նման մասշտաբի հանցագործության առջեւ։ Ի՞նչ արժեք ունի միջազգային իրավունքը, եթե հենց նրանք են առաջինը մի կողմ նետում այդպիսի ակնհայտ խախտումը:
Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը սահմանների կամ էթնիկ պատկանելության խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների համընդհանրության և այդ սկզբունքի պաշտպան համարվող պետությունների հեղինակության հարց:
Մերժել բռնի տեղահանվածների իրավունքները միայն նրանց հայկական ծագման պատճառով կամ նրանց պաշտպանության պատասխանատվությունը թողնել միայն Հայաստանի Հանրապետության վրա, նշանակում է ժխտել մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը:
Այդ իրավունքները կախված չեն քաղաքական դիրքորոշումներից և պարտադիր կանոններ են պետությունների համար՝ վեր դաշինքներից: Հենց այդ պատճառով, մենք՝ տարբեր երկրների խորհրդարանականներս, հաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի պաշտպանությունը, նրանց մշակութային ժառանգության պահպանումը եւ արդարադատության իրականացումը ընդհանուր պատասխանատվություն են՝ հիմնված մեր արժեքների վրա, որը կենսականորեն կարևոր է աշխարհում խաղաղության եւ արդարության պահպանման համար:
Տարբեր ազգային խորհրդարաններում և Եվրախորհրդարանում նույն նպատակը հետապնդող նախաձեռնություններ են իրականացվում, որպեսզի միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները գործնական տեսք ստանան, մասնավորապես՝ ապահովվի տեղահանվածների վերադարձը, պաշտպանվի վտանգված մշակութային ժառանգությունը եւ պատասխանատվության ենթարկվեն վայրագություններ իրականացնողները։
Ձևավորվում են նախաձեռնություններ՝ համընդհանուր պատասխանատվության կյանքի կոչման ու քաղաքական գործողությունների կենտրոնում միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի վերականգնման նպատակով: Արդարությունը սկսվում է այնտեղ, որտեղ խիղճը հրաժարվում է հայացքը շեղել: Մոռացումից չի կարող ծնվել խաղաղություն»:
Ստորագրողները՝ Եվրախորհրդարան
1. Ֆրանսուա-Քսավիե Բելլամի, ԵԽ պատգամավոր Ֆրանսիայից, «Հանրապետականներ» կուսակցություն,
2. Նատալի Լուազո, ԵԽ պատգամավոր Ֆրանսիայից, «Հորիզոններ» կուսակցություն,
3. Մյուրիել Լորան, ԵԽ պատգամավոր Ֆրանսիայից, Սոցիալիստական կուսակցություն,
4. Լուկաս Ֆուրլաս, ԵԽ պատգամավոր Կիպրոսից, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն,
5. Գեադիս Գեադի, ԵԽ պատգամավոր Կիպրոսից, «Եվրոպացի պահպանողականներ և ռեֆորմիստներ» կուսակցություն,
6. Կոստաս Մավրիդես, ԵԽ պատգամավոր Կիպրոսից, Դեմոկրատական կուսակցություն, Ֆրանսիա
7. Էտիեն Բլան, Ֆրանսիայի Սենատի անդամ, «Հանրապետականներ» կուսակցություն,
8. Ժիլբեր Լյուկ Դըվինազ, Ֆրանսիայի Սենատի անդամ, Սոցիալիստական կուսակցություն,
9. Էմանուել Մանդոն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդավարական շարժում» կուսակցություն,
10. Ալեքսանդրա Մարտեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետականներ» կուսակցություն,
11. Իզաբել Սանտիագո, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սոցիալիստական կուսակցություն, Շվեյցարիա
12. Ալեքս Ֆարինելլի, Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Ռադիկալ-լիբերալ կուսակցություն,
13. Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատ, Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր, «Կենտրոն» կուսակցություն,
14. Կարլո Սոմնարուգա, Շվեյցարիայի Շրջանների խորհրդի պատգամավոր, Սոցիալիստական կուսակցություն,
15. Էրիխ Ֆոնտոբել, Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր, «Դաշնային ժողովրդավար միություն» կուսակցություն,
16. Նիկոլա Ուալդեր, Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Կանաչներ կուսակցություն, Դանիա
17. Շուրուր Սկալը, Դանիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն,
18. Անդերս Վիստիսեն, Դանիայի խորհրդարանի պատգամավոր, Դանիայի ժողովրդական կուսակցություն, Կիպրոս
19. Մարիոս Մավրիդիս, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցություն, Բելգիա
20. Կառլ Վանլուվ, Բելգիայի Սենատի անդամ, «Ֆլանդրիայի Նոր Դաշինք» կուսակցություն, Արգենտինա
21. Մոնիկա Ֆեյն, Արգենտինայի պատգամավոր, Սոցիալիստական կուսակցություն,
22. Էստեբան Պաուլոն, Արգենտինայի պատգամավոր, Սոցիալիստական կուսակցություն, Ուրուգվայ
23. Ժերարդո Սոտելո, Ուրուգվայի պատգամավոր, Անկախ կուսակցություն:

