Քաղաքական տգիտություն է հակադրել հայրենիք և պետություն արժեքները. հազար Փաշինյան էլ գա ու գնա՝ Արցախը հայ մարդու հայրենիքն է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ արձանագրումներն է արել. «Հայրենիքի սահմաններն անփոփոխ են, քանի որ գծվել են Աստծո կողմից։ Իսկ պետությունների սահմանները փոփոխական են, քանի որ մարդկանց կողմից են գծվում։

Հայրենիքի սահմանները ոչ փոքրանում են, ու ոչ էլ մեծանում։

Պետությունների սահմանները կարող են և՛ փոքրանալ, և՛ մեծանալ։

Հայերի հայրենիքը Հայկական բարձրավանդակն է։ Պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայ ժողովրդի պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ Հայոց Հայրենիքում ձևավորվել են մի քանի հայկական պետություններ։ Նման օրինակներ եղել են ինչպես անտիկ ժամանակաշրջանում/Մեծ Հայքի,Փոքր Հայքի ,Ծոփքի թագավորություններ եւ այլն/, այնպես էլ միջնադարում/Բագրատունիների,Վասպուրականի Արծրունիների թագավորություններ եւ այլն/:

Ընդամենը մի քանի տարի առաջ հայ ժողովուրդն ուներ երկու հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։

Քաղաքական տգիտություն է հակադրել հայրենիք և պետություն արժեքները։

Որևէ մեկը չի կարող ինձ՝ հույն և հայ ժողովուրդների զավակիս, արգելել պատմական հայրենիքս համարել Տրապիզոնն ու Վանը։

Հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծած պետությունների սահմանները փոփոխվել են։

Հիմա ի՞նչ. յուրաքանչյուր սահմանի փոփոխության հետ հայ մարդը պետք է նոր հայրենիք ունենա։

Աբսո՛ւրդ է , չէ՞…

Եվ վերջում…հազար Փաշինյան էլ գա ու գնա՝ Արցախը հայ մարդու հայրենիքն է։

Հ.Գ.

Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ,իսկ կործանվում՝ դրա պակասի պատճառով. Գարեգին Նժդեհ»:

Տեսանյութեր

Լրահոս