Ռուսական «Լուկօյլ»-ն արտասահմանյան ակտիվների վաճառքի հարցով համաձայնության է եկել ամերիկյան ընկերության հետ
Ռուսական «Լուկօյլ» ընկերությունը համաձայնվել է վաճառել իր արտասահմանյան ակտիվների մեծ մասը, որը գնահատվում է մոտ 22 միլիարդ դոլար, ամերիկյան «Carlyle Group» մասնավոր ներդրումային ընկերությանը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գործարքը դեռևս պետք է հաստատվի ԱՄՆ իշխանությունների կողմից։
Մասնավորապես, «Լուկօյլը» հայտարարության մեջ նշել է, որ համաձայնության է եկել «Carlyle»-ին վաճառել իր «LUKOIL International GmbH» ստորաբաժանումը, որը վերահսկում է ընկերության արտասահմանյան ակտիվները։
«Այս գործարքը չի ներառում Ղազախստանի Հանրապետությունում ակտիվները, որոնք կմնան «Լուկօյլ» խմբի սեփականությունը և կշարունակեն գործել համապատասխան լիցենզիայի ներքո», – ասվում է հայտարարության մեջ։
«Լուկօյլ»-ից հայտնել են, ոչ ընկերությունը նաև շարունակում է բանակցությունները այլ պոտենցիալ գնորդների հետ։
Ընկերությունը նշել է, որ «Լուկօյլ Ինթերնեշնլ»-ի վաճառքը կապված է առանձին երկրների կողմից «Լուկօյլ»-ի և դրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառման հետ։
Հոկտեմբերին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան «Լուկօյլ»-ը ներառեցին իրենց պատժամիջոցների ցուցակներում։ Դրանից հետո ընկերությունը հայտարարեց իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին։
