Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելուց հետո Կարապետյանն ազատ արձակվի. Հարց` փաստաբաններին
Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի ասուլիսի ընթացքում 168․am-ը հարցադրում ուղղեց փաստաբաններին։ Հարցին արձագանքեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Հարցուպատասխանը՝ ստորև․
– Երբ մեկնարկում էր այս պրոցեսը, որն անվանում եք քաղաքական, ռուս վերլուծաբան, քաղաքագետ Արեշևը աղմկահարույց մի հոդված է հրապարակել՝ նկատելով, որ տեղի ունեցողը բացառապես արհեստական առիթ է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ազգայնացնելու անվան տակ ՀԷՑ-ն ուղղակի փոխանցեն թուրքերին (ըստ նրա՝ խոսքը «Կազանչի հոլդինգի» կազմի մեջ մտնող «Աքսա» ընկերության մասին է, որի սեփականատերը Ջեմալ Ղազանչին է)։
Հաշվի առնելով նմանատիպ տեղեկությունները և այն, որ հիմա զուգահեռաբար կարծեք «գլուխ են բերում» ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու պրոցեսը, հնարավոր համարո՞ւմ եք, որ դրա ավարտից հետո Կարապետյանն ազատ կարձակվի։
– Միջազգային փորձի ուսումնասիրման պայմաններում հնարավոր է հստակ արձանագրել, որ Սամվել Կարապետյանը միջազգային համբավ, ճանաչում ունեցող գործարարներից միակն է, որի վերաբերյալ նույն օրը, նույն ժամին, իսկ այս դեպքում՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 10։00-ին միաժամանակ քննության է առնվելու իր անձնական ազատության իրավունքի հերթական ապօրինության պահպանման, թե, ի վերջո, դադարեցման հարցը, և,միաժամանակ, իր սեփականության իրավունքի վերաբերյալ հարցը:
Բայց մի կարևոր հանգամանք նշեմ, թե ինչ նպատակներ զուգահեռաբար ունեն օրվա իշխանությունները, որովհետև քաղաքական հետապնդումը, իհարկե, ճյուղավորումներ ունենում է, քաղաքական հետապնդումն իր մեջ ունի լատենտային բաղադրիչներ և իր մեջ ունի ակնհայտ բաղադրիչներ:
Սամվել Կարապետյանին 2025 թվականի հունիսի 17-ից հետապնդում են «Մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասության համար: Սամվել Կարապետյանին հետապնդում են այն պայմաններում, որ հենց հունիսի 17-ին վերջինս գտնվում էր Երևանում իր հոր 40 օրվան հաջորդած օրվա դրությամբ․ սա մարդասիրության, մարդկայնության, հայկական արժեքների իսպառ բացակայությունն է:
Նոյեմբերի 17-ին ի՞նչ տեղի կունենա ՀԾԿՀ-ում և Հակակոռուպցիոն դատարանում, կապրենք՝ կտեսնենք։ Բայց տեղի ունեցող ՀԾԿՀ նիստի հետ կապված՝ ակնհայտ է, չէ՞, որ հանձնաժողովի առնվազն երկու անդամ, այդ թվում՝ հենց Առաջինը նախագահը, բացարկման ենթակա են։ Հաջորդը՝ նիստի ընթացքում ակնհայտորեն ներկայացվեց, որ վկայակոչած այդ խախտումներից 60-70%-ը, որ հունիս-հուլիս ամիսներին խոսում էին, չկա։
Մանրամասները՝ տեսանյութում

