Կարճատև անձրևներ կլինեն․ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, կարճատև անձրևներ են սպասվում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Շուրջ 17 օր է՝ հանրապետությունում, գրեթե, տեղումներ չեն եղել։ Վերջապես, նոյեմբերի 15-16-ին և նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը մեր երկիրը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած, բայց թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, կբերի կարճատև անձրևներ»,- նշել է Սուրենյանը։
Նոյեմբերի 17-ի ցերեկային ժամերից սկսած՝ տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն և դրան հաջորդող օրերին կրկին Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի ջերմ և առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին՝ ցերեկային ժամերին, ամպամածության ծածկով պայմանավորված, մի փոքր կնվազի, բայց քանի որ նոյեմբերի 17-ին ցերեկային ժամերին կրկին ակտիվանալու են հարավ-արևմտյան տաք օդային հոսանքները, այն նորից կբարձրանա»,- հայտնել է Գագիկ Սուրենյանը։

