Մեկ օրում՝ իշխանական երեք օղակ. Ինչո՞ւ ԵՄ դեսպանները մեկ օրում այցելեցին Փաշինյանին, Սիմոնյանին, Ռուբինյանին ու Խաչատուրյանին

Նոյեմբերի 11-ին աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները հանդիպումների շարք նախաձեռնեցին Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

ՀՀ կառավարությունից հաղորդել էին՝ Փաշինյանը և դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։ Նրանք խոսել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ Փաշինյանը պատասխանել էր նաև դեսպաններին հետաքրքրող հարցերին, թե ինչ հարցեր են տրվել նրան, հաղորդագրության մեջ չէր մանրամասնվում:

Ազգային ժողովից էլ հայտնել էին, որ ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ընդունել է նաև խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող ու անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Կարդացեք նաև

Ռուբինյան-դեսպաններ հանդիպման վերաբերյալ էլ հաղորդվել էր, որ հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ էր կատարվել երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ ՀՀ նախագահը ներկայացրել էր, ըստ հաղորդագրության, վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, խոսել առաջիկա ծրագրերի մասին և պատասխանել դեսպանների հարցերին։

Նման ձևաչափը, երբ ԵՄ դեսպանները միաժամանակ շփվում են գործադիր, օրենսդիր և պետական իշխանության բոլոր օղակների հետ, դիվանագիտական պրակտիկայում համարվում է բավական խորհրդանշական քայլ։ Նման դեպքեր, մեր տեղեկությունների համաձայն, գրանցվել են նաև այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում, Վրաստանում և Ալբանիայում, որտեղ ԵՄ դեսպանները մեկ այցի շրջանակում հանդիպել են երկրի ղեկավար բոլոր ինստիտուտների ներկայացուցիչների հետ, սակայն նույն օրը երեք բարձրագույն օղակների հետ շփումը՝ վարչապետ, խորհրդարանի ղեկավար և նախագահ, համեմատաբար հազվադեպ կիրառվող ձևաչափ է, որը սովորաբար օգտագործվում է այն ժամանակ, երբ ԵՄ-ն ցանկանում է ընդգծել իր ներկայությունը, դրա քաղաքական կարևորությունը, կամ ազդարարել նոր փուլ հարաբերություններում։

Հայաստանում նոյեմբերի 11-ին կիրառված դիվանագիտական քայլը կարելի է դիտարկել որպես հաղորդագրություն՝ ուղղված և՛ ներքին քաղաքական դաշտին, և՛ արտաքին գործընկերներին: Սակայն այս պահին, թերևս, գլխավոր հարցը հետևյալն է, թե ինչու է ԵՄ-ն նկատել նման քայլի, նման ձևաչափի գործարկման անհրաժեշտություն:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին նշեց, որ անկասկած սա մի կարևոր ժեստ է, որն այս փուլում ցույց է տալիս Հայաստանի կարևորությունը ռեգիոնում Եվրոպական միության համար և արտացոլում է մի շարք ուղղություններով երկխոսության կարևորությունը:

«Այսպիսի մեկօրյա ինտենսիվ շփումները կարող են ունենալ մի քանի հիմնական նպատակ՝ ստանալ համակարգված տեղեկություն ԵՄ-ի համար կարևոր հարցերի առնչությամբ, հասկանալ օրակարգի փոփոխությունները և հարաբերությունների ընդհանուր ֆոնը, ինչպես նաև զուգահեռաբար ազդանշան փոխանցել Հայաստանի մասով ԵՄ-ի միասնական և համակարգված դիրքորոշման մասին։

Հայաստանի դեպքում այս ձևաչափը համընկնում է մի շարք զարգացումների հետ՝ ԵՄ-ն շարունակում է խորացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում, նույնն անում է ԱՄՆ-ը, ՌԴ-ն ևս փորձում է ակտիվանալ և ներառվել Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններում: Կարևոր զարգացումը նաև Երևան-Բաքու հարաբերություններում ներկայիս հանգրվանն է, պայմանավորվածությունները Վաշինգտոնում, ապաշրջափակման գործընթացը, ներքաղաքական իրավիճակը, որը ժամանակ առ ժամանակ լարվում է, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության հետագա ճակատագրի հետ կապված հարցեր»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ սա ինչպես դիվանագիտական ազդակ է, այնպես էլ՝ հարցերի շուրջ համակարգված և միանգամից պատասխաններ ստանալու հնարավորություն: Նրա որակմամբ, այսպիսի այցերն ունեն և՛ խորհրդանշական, և՛ գործնական բնույթ։

Կախա Գոգոլաշվիլին չի բացառում, որ ԵՄ-ն անհրաժեշտ է համարել հանդես գալ նման միասնական և համակարգված մոտեցմամբ, որում կան նաև որոշ ներքաղաքական տարրեր: Սա, ըստ նրա, ուղերձ է ոչ թե առանձին կառույցի, այլ ամբողջ համակարգին:

«Նման ձևաչափ պետք է կիրառվի, երբ ԵՄ-ն ցանկանում է հստակեցնել իր դիրքորոշումը կամ վերահաստատել հարաբերությունների բնույթը։ Հայաստանի պարագայում դա հնչում է՝ որպես հավաստիացում ԵՄ-ի շարունակական աջակցության մասին: Այսինքն՝ այս դեպքում գործ ունենք, թերևս, մի շարք իրավիճակների հետ, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս