«Չգիտեմ, այդ մարդն ինչ ոխով է լցվել Մայր Աթոռի և եկեղեցու նկատմամբ. սա ավելի շատ նման է աղանդավորական հավաքի». Տեր Սարգիս քահանա Սարգսյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը ArmeniaSputnik-ին հայտնել էր, որ Մայր Աթոռից և Արագածոտնի թեմից մոտ 8 հոգևորականների կանչել են Քննչական։ Ըստ փաստաբանի, հոգևորականներին Քննչական հրավիրելը կապված է Նաթան սրբազանի ձայնագրության հետ։
168.am-ի հետ զրույցում Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Սարգիս քահանա Սարգսյանն ասաց, որ իրեն Քննչական չեն հրավիրել՝ հիշեցնելով, որ Արագածոտնի թեմի մոտ 16 քահանաները, որոնք հոկտեմբերի 15-ին հրավիրվել էին Քննչական, այս պահին էլ ունեն վկայի կարգավիճակ։
«Քննչականից ինձ չեն կանչել, մենք չգիտենք, թե մյուսներին ինչո՞ւ են կանչել, մենք բոլորս վկայի կարգավիճակ ունենք։ Գուցե վաղն էլ ինձ հրավիրեն Քննչական՝ հարցաքննության»,- նշեց Տեր Սարգիսը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 14-15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվող «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը, որը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և աջակցությամբ, Տեր Սարգիսը նկատեց.
«Ես չգիտեմ՝ իրենք ինչ են անում, իրենք թող ասեն՝ ինչ են ուզում։ Կարծում եմ՝ սա ավելի շատ նման է աղանդավորական հավաքի։
Իրենք ինչ ասես՝ ուզում ու գրում են, չգիտեմ՝ այդ մարդկանց գլխի մեջ ի՞նչ կա։
Իր գրառումը նայեք, ասում էր. «Այ՛ ժողովուրդ, ձեզ չի հետաքրքրում, ոչինչ, ես կանեմ»։ Ես չգիտեմ, այդ մարդն ինչ ոխով է լցվել Մայր Աթոռի, եկեղեցու նկատմամբ։ Իր քարոզարշավից պարզ երևում է, իրեն ձեռնտու չէ նվիրապետական նստակարգով, սկզբունքներով եկեղեցի։ Փոխարենը ձեռնտու կլինի, եթե ունենա բողոքական, չգիտեմ՝ ինչ եկեղեցի, որպեսզի ինչ ցանկանա, այն էլ անի։ Թող Աստված իրենց գլուխը մաքրի, դառնան դեպի Մայր եկեղեցի»։
Նշենք, որ միջոցառումը, որն անցկացվելու է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ունի հստակ օրակարգ՝ մեկնարկելու է առավոտյան ժամը 09։00-ից մինչև երեկոյան 19։00-ը, ավարտվելու է ընթրիքով։ Նշվում է, որ այս միջոցառմանը մասնակցելու են հասարակական, քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, դիվանագետներ։

