Հանձնարարել եմ. գաղտնազերծման գործընթաց է տեղի ունենում Սերժ Սարգսյանի նամակի հետ՝ ուղղված այլ երկրի ղեկավարի. Փաշինյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերի ծավալուն հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել էր, թե մինչև տարվա վերջ բանակցային թղթերը՝ ներառյալ 2019 թվականի, կհրապարակվեն, և, որ դրանք արդեն դասավորել են ու սքան են անում։

Նախօրեին, իր գործով դատական նիստից առաջ, 168am-ի հարցադրումներին ի պատասխան՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այս գրառմանը, Սերժ Սարգսյանն ասաց․ «Կարևորն այն է, որ կարողացանք կորզել խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու, տեսնենք»։

Այսօր արդեն արձագանքելով Սերժ Սարգսյանի այդ դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Ես քանի ամիս է՝ խոսում եմ դրա մասին, և եթե մի քիչ մտածեք և մտածեն, կիմանան, թե ինչ փոխվեց և ինչի հիմա և ինչի եմ ասում՝ մինչև տարվա վերջ։

Քանի ամիս առաջ եմ հրապարակային ասել, որ հանձնարարել եմ, որ պատրաստեն։

Կարդացեք նաև

Հասկանում եք՝ ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք, ենթադրվում է, որ մինչև տարեվերջ ԵԱՀԿ ՄԽ-ն կլուծարվի, և այդտեղ այդ բարոյական ու քաղաքական արգելքը կվերանա․ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ այլ երկրի ղեկավարին ուղղված նամակի մասին Փաշինյանի հայտարարությանը, ապա այս առնչությամբ էլ նա նկատեց, որ հանձնարարել է, և գաղտնազերծման գործընթաց է տեղի ունենում։

«Կհրապարակեմ, կտեսնեք»,- հավելեց նա։

Թե ինչքա՞ն վաղուց է Նիկոլ Փաշինյանը խոսել բանակցային փաստաթղթերը նախապատրաստելու մասին, ժամանակագրությունն այլ բան է ասում։

Այսպես, Սերժ Սարգսյանն իր ծավալուն հարցազրույցում նաև առանձին անդրադարձ էր կատարել 2019 թվականի Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, մասնավորապես, որ թեև այդ ժամանակ բանակցային սեղանին փաստաթուղթ կար, բայց Փաշինյանը տևական ժամանակ դա թաքցնում էր, ըստ Սարգսյանի՝ գաղտնի պահելով նաև Ղարաբաղի իշխանություններից:

«Որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր: Մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ: Ես, օրինակ, Արցախի ղեկավարությանն ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ, և խնդրում եմ, գնացեք այդ կառավարչի մոտ և ասեք, որ թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը: Իրենք զարմացան, ասեցին՝ ո՞նց կարող է փաստաթուղթ լինել, ու մենք տեղյակ չլինեինք»,- պատմել էր Սերժ Սարգսյանը:

Այն, որ 2019-ին համանախագահները կարգավորման առաջարկ են ներկայացրել Հայաստանի վարչապետին, Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր այս տարվա փետրվարին, խորհրդարանում, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում:

«Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանին չկա»,- 2019-ին շեշտում էր նա։

Իսկ արդեն 2025 թվականին հայտարարեց. «Բանակցությունների սեղանին միշտ թուղթ է եղել, այդպիսի մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանն առանց թղթի լինի, միշտ ինչ-որ թուղթ դրած է եղել»:

Չնայած ընդդիմության պարբերական կոչերին՝ հրապարակել 2019 թվականի հունիսին բանակցային սեղանին դրված, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը վերաբերող մյուս բոլոր պաշտոնական առաջարկները, Փաշինյանը շարունակ պնդում է, թե դրանք ցաքուցրիվ են և դեռ պետք է ի մի բերվեն.

«Մի հատը սառնարանի ոտքի տակից ենք հանում, մի հատը՝ կանդիցիաների մեջից… մի մասն ընդհանրապես մասնավոր, մարդը գալիս մեզ տալիս է»,- ասում էր նա:

Իսկ ահա Երրորդ նախագահի հայտարարությունից հետո նա արդեն Ֆեյսբուքում գրել էր․ «Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, Տեր-Պետրոսյանի Լևոնին ու Քոչարյանին՝ Ռոբերտին էլ խաբար արա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս