2019թ. խաղաղության պլանի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով գործիչ գոյություն չի ունենա. Արմեն Խաչատրյան

Հայաստանի հանրապետության երկու պաշտոնաթող նախագահ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հարցազրույցներ տվեցին՝ դրանց օրակարգում պահելով Արցախի հիմնախնդիրն ու Արցախի հանձնման գործընթացը։

Այդ հարցազրույցներից հետո մեկ օրվա կտրվածքով մի շարք ֆեյսբուքյան գրառումներ կատարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել Արցախի հարցի բանակցային թղթերը։

Այդ թղթերի հրապարակումը Փաշինյանի համար կդառնա քաղաքական ինքնասպանությո՞ւն, թե՞ քաղաքական փրկօղակ. հարցին ի պատասխան՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը շեշտեց՝ բնականաբար, քաղաքական ինքնասպանություն։

Նրա խոսքով՝ 2019 թվականի Արցախի հարցի կարգավորման պլանի հրապարակումը Փաշինյանի շահերից չի բխում, հետևապես՝ խիստ կասկածում է, որ Փաշինյանը կկատարի տված խոստումն ու կհրապարակի։

Կարդացեք նաև

«Հրապարակմանը հետևելու է քաղաքական ինքնասպանությունը, որովհետև նրա գործունեության հետևանքով մենք ունեցել ենք 5000 զոհ, կորցրել Արցախը։ 2019 թվականի խաղաղության պլանի հրապարակումը դառնալու է պատճառ, որ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով քաղաքական-պետական գործիչ գոյություն չունենա։ Կամ, կարծում եմ նաև, որ չի հրապարակի, որովհետև սուտ է խոսում այնպես, ինչպես կխմեր մեկ բաժակ ջուր։ Կարող է նաև հրապարակելուց հետո քաղաքական ցինիզմով սկսի պատմություններ պատմել, այն նույն քաղաքական ցինիզմով, որով ասաց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի աջակցությունը պրոպագանդան է, ուստի հույսը դրել է հենց այդ պրոպագանդայի վրա։

«Մեր բոլորիս անելիքը պետք է լինի այդ պրոպագանդայի շղարշը ցրելը։ …2019 թվականի պլանի հրապարակումը տալու է հարցի պատասխանը՝ մեղավո՞ր էր Ռուսաստանը, թե՞, այնուամենայնիվ, գլխավոր մեղավորը հենց Փաշինյանն է»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս