ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Ո՞Վ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ. ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԽՈՍԵՑՆԵԼ 2017-2018-Ի ՄԱՍԻՆ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Հայկական լրատվական դաշտը պետք է ակտիվորեն զբաղվի այն հնարավոր անձի փնտրտուքով, որը 2018-ին փոխվարչապետի պաշտոնն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին՝ փողոցային ցույցերը դադարեցնելու դիմաց։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կանխատեսեց, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այս բացահայտումը հանրային քննարկման թեմա է դառնալու։
«Եթե այդ առաջարկող մարդը Սերժ Սարգսյանը չի եղել, կարծում եմ՝ լրատվական դաշտը պետք է շատ ակտիվ զբաղվի այն հնարավոր անձի փնտրտուքով, ով կարող էր այդ առաջարկն արած լինել։ Մեր գործընկերները շատ ակտիվ պետք է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին խոսեցնելու ուղղությամբ աշխատեն, որովհետև մի շարք հանգամանքներ, կարծում եմ, 2017-2018թթ. իրադարձությունների առչնությամբ Կարեն Կարապետյանը կարող է ասել»,- մեկնաբանեց Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» պոդքասթի ձևաչափով տված ծավալուն հարցազրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի։
«Ո՞վ էր իրեն առաջարկել։ Գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել»,- նշել էր ՀՀ երրորդ նախագահը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև 2018-2020թթ. ժամանակահատվածում Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու կամ Փաշինյանի՝ բանակցություններից հրաժարվելու հարցին, որը, նախկին նախագահների կարծիքով՝ եղել է պատերազմի հիմնական պատճառներից մեկը։ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ շատ արդիական է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի առաջարկի մասին խոսելը, որն այն ժամանակ Փաշինյանը մերժել է.
«Մենք, որպես հասարակություն, պետք է ունենանք գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է կործանել Արցախը։ Ես գուցե շատ վերապահումներ ունենամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ վարած քաղաքականության առնչությամբ, բայց Սերժ Սարգսյանն այնպիսի բանակցային ժառանգություն չէր թողել Նիկոլ Փաշինյանին, որը ենթադրեր Արցախի կործանում։
Այս հարցում Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն կեղծում է։ Հակառակ դեպքում, 2019 թվականին, ընդ որում՝ երկու անգամ՝ ապրիլ և հունիս ամիսներին, Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվել է կարգավորման պլան, որը բավական հավասարակշռված լուծում է առաջարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար, որը ենթադրել է 5 շրջանների վերադարձ՝ անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց, իսկ Լաչինի և Քարվաճառի վերադարձի հարցը փոխկապակցվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ։ Սա մի հրաշալի պլան էր՝ այն ավերի համեմատությամբ, որը հետո բերեց Նիկոլ Փաշինյանը»,– նշեց Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետն ընդգծում է՝ կարող ենք շատ երկար քննարկել ու շատ տեղերում նաև քննադատել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային քաղաքականությունն Արցախի հարցում, բայց ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ նրանք ամեն դեպքում բանակցել են, իսկ Նիկոլ Փաշինյանը վիժեցրել է բանակցային գործընթացը՝ դրանից բխած բոլոր ծանր, աղետալի հետևանքներով։

«Երբ վիժեցնում ես բանակցային գործընթացը, խնդիրը միայն այն չէ, որ խաբում ես սեփական հասարակությանը՝ ասելով, թե սեղանին կարգավորման պլան չկա, և նույնիսկ այն չէ, որ հակադրվում ես Ադրբեջանին, այլ այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով հակադրվել է միջազգային հանրությանը։ Իսկ որպեսզի վերացական չհնչի «միջազգային հանրություն» ասվածը, ես ավելի կոնկրետ կնշեմ՝ նա հակադրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երեք միջուկային պետություններին՝ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ։
Եթե դու փակում ես բանակցային դուռը, միևնույն ժամանակ հակադրվում ես աշխարհի ուժային կենտրոններին, դու ակամայից լեգիտիմացնում ես պատերազմ սկսելու Ալիևի օրակարգը։ Այս ամենին գումարեք նաև՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», Տավուշի արկածախնդրության ֆետիշացում, Սևրի դաշնագրի 100-ամյակի ֆետիշացում, «Չկան Մադրիդյան սկզբունքներ, կան Մյունխենյան սկզբունքներ», այս ամենը տեղավորեք մեկ զամբյուղի մեջ և կստանաք մի պատկեր, որը հիմք է տալիս պնդելու, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձի՛գ է։ Սա չի նշանակում՝ Ալիևը պատերազմ չէր ուզում սանձազերծել, բայց Հայաստանի նախորդ որևէ իշխանություն դրա առիթը չէր տվել»,– ընդգծեց քաղաքագետը։
Այս համատեքստում Սուրեն Սուրենյանցը նաև կարևորեց Արցախյան հիմնախնդրի կարգավորման բոլոր նախագծերն ու բանակցային փաստաթղթերը մինչև տարվա վերջ հրապարակելու՝ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ այդ փաստաթղթերի հրապարակումը եթե ոչ՝ քաղաքական ինքնասպանության, ապա՝ գոնե քաղաքական ինքնավնասման պես մի բան է լինելու Փաշինյանի համար։
«2022 թվականի հոկտեմբերի 6-ով է սկսվել Արցախի կործանման պրոցեսը։ Այո՛, 44-օրյա պատերազմը շատ մեծ դերակատարում է ունեցել դրանում, բայց նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մեծ իմաստով, կապիտուլյացիա չէր, որովհետև դրանով թե՛ անձեռնմխելի էր մնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, թե՛ երաշխավորվում էր Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը՝ կարգավիճակի հարցը թողնելով ապագային։ Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան արկածախնդրության պատճառով ենք մենք կորցրել Արցախը։ Օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքից՝ նա փորձեց փոխել ռազմավարական կողմնորոշումը, և երբ Ալիևն «արածացնում» էր նրան Պրահայի կամ Բրյուսելի դիվանագիտական «արոտավայրերում», այդ ընթացքում զոհաբերվեց Արցախը՝ նաև Մակրոնի ու Միշելի քավորությամբ։ Թող հրապարակի՛ փաստաթղթերը»,– հավելեց քաղաքագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

