«Երբ օղակը շատ էր սեղմվում Արցախի շուրջ, ես դուրս եկա, հասկացա՝ ղեկավարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը սկուտեղի վրա հանձնվի». Քաջիկ Հարությունյան
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն անցավ Ադրբեջանի հսկողության տակ և հազարավոր արցախահայեր կորցրեցին իրենց տունը, Արցախից չհեռացան, նրանց միայն մի փոքր մասը եկավ Երևան, Արցախում մնացածները փորձեցին տեղավորվել ու նոր տուն կառուցել Արցախի այլ բնակավայրերում։
Սակայն 2 տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, 120 հազարից ավելի արցախահայեր 2 մեծ հարված ստացան, երբ արդեն ամբողջովին կորցրեցին Արցախը և բռնի տեղահանվեցին։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մխիթարվում էին Արցախի այն փոքր հատվածով, որը մնացել էր հայկական վերահսկողությամբ, իսկ այսօր մխիթարվում են միայն այն հույսով, որ մի օր կրկին վերադառնալու են Արցախ։
Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերջին օրերին է ստիպված դուրս եկել Արցախից. ասում է՝ միայն այդ օրերին է հասկացել, որ Արցախը սկուտեղի վրա մատուցվում է թշնամուն։
«Երբեք մենք չենք պատկերացրել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախը կհայաթափվի։ 2-3 պատերազմ եմ տեսել և ոչ մեկի ժամանակ Արցախից դուրս չէի եկել, մնացել եմ այնտեղ, հայրենասիրական իմ ելույթներով՝ նկուղներում, զորանոցներում, մարդկանց մոտ հայրենասիրություն եմ քարոզել։ Միշտ ասել եմ, որ հույսը լավ բան է, եկեք հույսով մնանք։
Երբ օղակը շատ էր սեղմվում Արցախի շուրջ, ես դուրս եկա ու այդ ժամանակ հասկացա՝ մեր ղեկավարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը սկուտեղի վրա հանձնվի Ադրբեջանին, և այդպես էլ եղավ։ Կազմակերպված է եղել ամեն ինչ, որպեսզի Արցախը մաքուր հանձնեն թշնամուն:
Արցախն իմ հայրենիքն է և ոչ միայն՝ իմ, այլև բոլոր հայերի, որովհետև եթե Հայաստանն ինչ-որ շրջանում այլ պետությունների տիրապետության տակ է եղել, զավթվել է, Արցախը երբեք որևէ մեկի տիրապետության տակ չի եղել, միշտ ազատ է եղել, և արցախցին հազարավոր տարիներ շարունակ ապրել է Արցախում։
Այսօր ինձ համար մեծ ցավ է, որ հինգ տարի շարունակ Արցախը չկա, զավթված է, այնտեղ հայեր չեն ապրում։ Իհարկե, հույս ունենք, որ մի օր կվերադառնանք, բայց ինչպես տեսնում ենք, այդ հույսն աստիճանաբար մարում է, որովհետև չեմ տեսնում, որ պետականորեն, պետության կողմից ինչ-որ քայլեր արվեն Արցախը հետ բերելու համար։ Հայաստանում մարդկանց մեծ մասն էլ, չգիտես՝ ինչու, համոզվել է, որ Արցախը «եղել է ադրբեջանական», ինչպես ասում են ՀՀ իշխանությունները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Քաջիկ Հարությունյանը։
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ եթե Արցախում ադրբեջանցիներ եղել են, ապա նրանք եղել են եկվորներ, Խորհրդային Միության տարիներին նրանք եկել են Արցախ, ամեն գյուղ մի հովիվ է գնացել, ապրել, հետո ընտանիքին է բերել, այնուհետև՝ բարեկամին, այդպես շատացել են։
«Ադրբեջանցիներին սկզբում փոքր «օբա» են տվել՝ վրան, ապրել է, հետո եղբորն է բերել, հետո՝ մեկ այլ հարազատի, ու այդպես բազմացել են։ Շնաճանճի նման եկել, հավաքվել ու լցվել են ամբողջ Արցախում։ Վերջին տարիներին, երբ արցախյան շարժումը սկսվում էր, Արցախում արդեն մոտ 30 տոկոս ադրբեջանցի կար։ Ես ինչքան ապրել ու տեսել եմ, հենց թուրքերն են ասել, որ իրենք Արցախում եկվորներ են, հիմա պատմությունն այնպես են շրջել, որ Արցախում եկվորները մենք ենք եղել, ոչ թե իրենք։ Չեմ զարմանա, որ մի օր էլ ասեն՝ հայերենն իրենց լեզուն է եղել, կամ, օրինակ, Մեսրոպ Մաշտոցն էլ հայ չէ»,- հավելեց Քաջիկ Հովհաննիսյանը։
Ժողովրդական արտիստը բոլորի ուշադրությունը հրավիրում է պատմության վրա՝ ասելով, որ հայ ազգի վրա միշտ էլ հարձակումներ եղել են, և դրա նախաձեռնողը եղել է թշնամին՝ Սումգայիթից, Կիրովաբադից ու Բաքվից սկսած։ Նրանք հարձակվել են հայերի վրա, հետո էլ մեղադրել են, թե ինչու են հայերը պաշտպանվել։
«Քաջ Նազարի նման կանգնել, հայտարարում են, թե հայերն իրենց հողերը մեզ չեն տալիս։ Աշխարհին բողոքում են, որ մենք՝ արցախցիներս, մեր հողերն իրենց չենք տալիս։ Համոզված եմ, որ ՀՀ օրվա ղեկավարության աջակցությամբ այս հողերն անցան Ադրբեջանին, բայց շարունակում են հոխորտալ, դե հայ ժողովրդի մի մասն էլ ասում է՝ «ինչ է եղել որ, մարդիկ են, թող գան, միասին կապրենք»։ Բայց երբ մարդն անտառ է մտնում ու տեսնում գայլի աչքերը, երկրորդ անգամ վախենալով է անտառ մտնում։ Հիմա մենք գայլի աչքերն արդեն տեսել ենք, մենք գիտենք՝ թուրքն ինչ ազգ է։ Այդ ազգի մոտ երբ երեխան ծնվում է, նրանք առաջին օրվանից սերմանում են, որ հային պետք է սպանել։ Դե, իրենց կեղծ գիտնականներն էլ այնպիսի բաներ են ասում, որ շշմում ենք։
Մեզ հիմա խելոք ղեկավար է պետք, միջազգային ասպարեզներում լավ բանակցող։ Այնպիսի մարդիկ պետք է լինեն, որ աշխարհին կարողանան համոզել, որ արցախցին միշտ եղել է Արցախում, այդ հողը հայկական է»,- նշեց Ք. Հարությունյանը։
Նա ցավով է տեսնում, որ այսօր արցախահայերը ցրված են ամբողջ աշխարհով մեկ, այդպես մի օր կարող է Արցախի բարբառը մոռացվել, մշակույթն ու ավանդույթներն էլ՝ հետը։ Հետևաբար՝ այս իրավիճակում և ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությամբ այսօր հնարավոր չէ վերադառնալ Արցախ։
«Այսօր ազգի մասին մտածող մարդիկ ամեն ինչ պետք է անեն, ակտիվ աշխատեն, որ Արցախ վերադարձը հնարավոր լինի։ Ինքս աշխարհի շատ երկրներում եմ եղել, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, բայց չեմ տեսել այն գեղեցկությունը, բնությունը, մաքրությունն ու ազատությունը, որը եղել է Արցախում։ Այս ամենն իսկապես մեծ ցավ է, այս ցավի հետ մենք ամեն օր ապրում ենք, չեմ կարողանում իմ ներսում կուտակվածի մասին արտահայտեմ»,- ասաց Քաջիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ դժվար է ապրել՝ առանց Արցախի սրբավայրերի, պապերի, ծնողների ու հայրենիքի համար ընկած հայորդիների շիրիմների։ Իսկ Ադրբեջանն էլ ամեն ինչ անում է, որպեսզի Արցախից վերացնի հայկական հետքը։
«Ադրբեջանն այն տեսակ երկիր է, որ պատերազմում է մեռած մարդկանց դեմ, ոչնչացնում ու հողին են հավասարեցնում գերեզմանոցները, եկեղեցիները։ Պատմությունն են կեղծում, որպեսզի տարիներ անց ցույց տան, որ այնտեղ հայկական որևէ բան չկա, սա աշխարհը տեսում ու լռում է։
Կրկնում եմ՝ մեզ լավ ղեկավար է պետք, որ բոլոր այս հարցերը լուծի։
Ես չգիտեմ՝ այս ղեկավարների ուղեղում ի՞նչ կա, ի՞նչ են արել ու ի՞նչ են անելու, բայց մեկ բան գիտեմ՝ եթե ճիշտ գործեին, այս պատմությունը չէր լինի»,- ընդգծեց Քաջիկ Հարությունյանը։

