Բաժիններ՝

Ռուսաստանն արձագանքել է միջուկային փորձարկումներ սկսելու Թրամփի հայտարարությանը

Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի փորձարկումները չեն ընկնում միջուկային զենքի փորձարկումների գլոբալ սահմանափակումների տակ։

Քյս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ու Պենտագոնին՝ միջուկային զենքի փորձարկումներ սկսելու վերաբերյալ հանձնարարականը։

ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում հոկտեմբերի 30-ին մասնավորապես գրել էր․ «Այլ երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես Պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացն անմիջապես կսկսվի»։

«Եթե ինչ-որ առումով նա նկատի է ունեցել «Բուրեվեստնիկ»-ի փորձարկումը, ապա դա որևէ կերպ չի կարող համարվել որպես միջուկային փորձարկում։ Բոլոր երկրները զբաղվում են իրենց պաշտպանական համակարգերի զարգացմամբ, սակայն դա չի համարվում միջուկային փորձարկում»,- հայտարարել է Պեսկովը։

Նա նշել է, որ եթե որևէ երկիր խախտի միջուկային փորձարկումներ չանելու համաձայնությունը, ռուսական կողմն էլ համապատասխան քայլերի կգնա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայում միջուկային զինաթափման վերաբերյալ փորձագիտական ​​բանակցություններ չեն վարում, բայց թեման օրակարգում է։Նա կարծիք է հայտնել նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր սպառազինությունների մրցավազքի մեջ չեն։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Պեսկովը նշել է, որ այս պահին ռուս-ամերիկյան երկխոսությունը փակուղում չէ։ Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռը։

«Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին։ Հրթիռը օդում է եղել 15 ժամ՝ անցնելով 14,000 կիլոմետր։ «Մենք պետք է որոշենք հնարավոր կիրառությունները և սկսենք պատրաստել ենթակառուցվածքները՝ մեր զինված ուժերում այս զենքի տեղակայման համար», – նշել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս