
Թուրքիան մտադիր է Կատարի հետ զարգացնել ռազմական համագործակցությունը

Թուրքիան նպատակ ունի զարգացնել համագործակցությունը Կատարի հետ ռազմական և ռազմատեխնիկական, ինչպես նաև էներգետիկ ոլորտներում։ Էմիրություն կատարած այցի ընթացքում Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել հետագայում զարգացնել Թուրքիայի և Կատարի միջև հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ ռազմական, պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, առևտրի և ներդրումների ոլորտներում»,- ասված է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության վարչության այցից հետո տարածված հաղորդագրության մեջ։
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիայի և Կատարի միջև ռազմավարական գործընկերությունը զգալի ներդրում է ունենում տարածաշրջանային և համաշխարհային կայունության մեջ։
Խոսելով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ երկու պետությունների լուծումը պաղեստինա-իսրայելական հակամարտությունից դուրս գալու միակ ելքն է։ Նա ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի աշխատել այս նպատակին հասնելու համար։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան կաջակցի Սիրիայի վերակառուցման գործընթացին և այդ համատեքստում կհամագործակցի Կատարի հետ էներգետիկայի, տրանսպորտի և մարդասիրական օգնության ոլորտներում։
Թուրքիայի նախագահը Կատար է այցելել Պարսից ծոցի շրջագայության շրջանակում։ Նա Օման է ժամանել հոկտեմբերի 22-ի կեսօրին։