
Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. ԿԳՄՍ նախարար

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են։ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ բուհի հոգաբարձուների խորհուրդն արդեն որոշում է կայացրել այդ հարցով՝ ապահովելու համար համալսարանի բնականոն գործունեությունը։
«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ հարցման կարգով, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա»,– ասաց Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ իրավիճակը մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է այն բուհին, որտեղ կրթվում են ապագա ուսուցիչները։
«Ինձ համար անբնական իրավիճակ է և ընկալելի չէ, որ այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում գործընթացներ, որոնք նկարագրված էին տարածված հաղորդագրության մեջ։ Շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմիններին իրականացրած գործողությունների համար»,– ընդգծեց նա։
Նախարարը հավելեց, որ առաջիկայում լրջորեն կքննարկվի բուհի ամբողջ անձնակազմի տեղեկացվածության և ներգրավվածության հարցը։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը, ով այս ամենի մասին տեղեկացված էր և ժամանակին ահազանգ չի տվել, կարող է շարունակել աշխատանքը բուհում»,– նշեց նախարարը։
Դատարանը Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ։ Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև համալսարանի մեկ պրոռեկտոր և մի քանի այլ աշխատակիցներ։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ նրանք մեղադրվում են համալսարանի աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն և կաշառք ստանալու մեջ։ Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Սրբուհի Գևորգյանը Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտի 19-ից։