
Ամենահակապետական կառույցը Հայաստանի այս իշխանությունն է. Դավիթ Սահակյանց
«Այս իշխանության խոսքի ու պնդումների ետևում գլոբալ, մեծ մասշտաբների սուտն է»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում «Մեր ձևով» շարժման հրավիրած մեծ հանրահավաքից առաջ 168․am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Նա նշեց, որ հավատում է շարժմանը, այն ավելի մասշտաբային է, այն կարողացել է իր շուրջ համախմբել այն մարդկանց, ովքեր շատ լուրջ տարաձայնություններ ունեն, և շատ դժվար էր նրանց տեսնել նույն հարթակում։
«Դա հաջողվել էր նաև Բագրատ սրբազանին, և սա երկրորդ փորձն է, որը տարբերվում է իր մասշտաբով։ Հույս ունեմ, երազում եմ՝ գա այն օրը, երբ այս շարժումը կհասնի հաղթանակի, և մենք կազատվենք այն ամենից, ինչը որ զավթվել է ՔՊ-ի կողմից»,- ասաց Սահակյանցը։
Նրա դիտարկմամբ, ՀՀ-ում ամենահակապետական կառույցն իշխանությունն է։
«Այս իշխանության խոսքն ու պնդումները պետք է անտեսել և հասկանալ, որ դրանց ետևում գլոբալ, մեծ մասշտաբների սուտն է և կեղծիքը, որով նրանք ուղղորդվում են, և ամեն բանը, որը նրանք ասում են, դրա հիմքում սուտն է։ Չի կարելի հավատալ իրենց արգումենտներին, պնդումներին, պետք է պայքարել՝ հաշվի առնելով այն, որ իշխանությունը կեղծում է ամեն ինչ»,- ասաց Դավիթ Սահակյանցը։