
Մենք շատ լավ գիտենք, թե գետնին պառկեցնելն ով է ներմուծել մեր իրականություն, ով էր բղավում, որ փռելու է ասֆալտներին. Ալումյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Հայկ Ալումյանն է:
– Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը կալանավորվել է Ֆեյսբուքում անհասցե գրառում անելու համար, որտեղ նա սուր գնահատականներ է հնչեցրել, սակայն ո՛չ անուն կա, ո՛չ հասցեատեր: Փաստաբանին նիկոլական ոճով փռեցին ասֆալտին, ասես նա վտանգավոր սերիական մարդասպան լիներ, ապա կալանքի տարան՝ երկու ամսով: Նախկինում հիշո՞ւմ եք նման նախադեպ, երբ փաստաբանի հետ` խոսքի համար, նման կերպ վարվեին:
– Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ` դատավորի հասցեին որոշակի հայտարարություններ անելու համար, մեղադրանք էին առաջադրել: Սակայն փաստաբանը ո՛չ կալանավորվեց, ո՛չ էլ դատապարտվեց, թեպետ քրեական գործ էր հարուցվել, եւ մեղադրանք առաջադրվեց, սակայն փաստաբանն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: Ոչ էլ, առավել եւս, ցուցադրաբար նրան գետնին պառկեցրին: Ոչ մի նման զարհուրելի տեսարանի ականատես չենք եղել:
– Երբ իրավապահ համակարգը դառնում է իշխանության ձեռքում ռեպրեսիաների գործիք, ի՞նչ կարելի է սպասել առհասարակ:
– Մի քանի ասպեկտի վրա պետք է անպայման մեծ ուշադրություն դարձնել։ Առաջին․ ցանկացած անձ` որեւէ մեկը երաշխավորված չէ, կարող է հայտնվել կասկածյալի կարգավիճակում: Անգամ ամենաանմեղ մարդը կարող է հայտնվել այդ կարգավիճակում: Դա չի նշանակում, որ անձին պետք է ձերբակալեն, դեռ չենք խոսում կալանքի մասին: Կարելի էր ցիվիլ ձեւով հրավիրել հարցաքննության կամ ցանկացած այլ վարույթային գործողության:
Գետնին պառկեցնելը, այդ ցուցադրական քայլը չի կարելի անել, եթե չկա դրա ծայրահեղ անհրաժեշտությունը: Նման բան անում են, երբ անձը զինված գործողություն է պատրաստվում իրականացնել, զինված դիմադրել է իրավապահներին եւ այլն: Գետնին պառկեցնում են, երբ չկա այլընտրանք:
Ի՞նչ էր արել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, որ այդպես գետնին էին պառկեցրել: Այդ արարքը Եվրոպական կոնվենցիայի երրորդ կետի խախտում է:
Մենք շատ լավ գիտենք, թե գետնին պառկեցնելն ով է ներմուծել մեր իրականություն, ով էր բղավում, որ փռելու է ասֆալտներին: Փաստորեն, այդ օրվանից այդ գործելակերպը ներմուծվեց մեր կյանք եւ մինչ օրս շարունակվում է: Ես՝ որպես իրավաբան, ասֆալտին փռողներին մի բան եմ ուզում զգուշացնել, խորհուրդ տալ, որ գործող օրենքով խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի հանցագործությունները չունեն վաղեմություն:
Այսինքն` այն, ինչ որ անում են նրանք այսօր եւ վստահ են, որ այժմ ոչ մեկն իրենց չի ենթարկելու պատասխանատվության, դեռ մի բան էլ խրախուսվում են նման գործողություններ կատարելու համար, վաղը կարող է իրավիճակը լրիվ այլ լինել:
Թող բացեն՝ Քրեական օրենսգիրք կարդան: Անգամ 70-80 տարեկանում կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել` շատ տարիներ առաջ կատարած խոշտանգման համար:
Եթե առանց անհրաժեշտության մարդուն գետնին են պառկեցնում, դա հենց խոշտանգում է, դաժան ու անմարդկային դրսեւորում: Հետո ի՞նչ, որ այսօր դրա հետեւից գնացող չկա, մի օր այն դառնալու է լուրջ գործերի առիթ, ու ոչ մեկը վաղեմության ժամկետի ետեւում չի կարողանալու թաքնվել: Բնական է, այսօր իրենց երաշխավորված են համարում եւ վստահ են, որ իրենց ոչ մեկը ձեռք չի տալու, բայց կյանքը ո՛չ այս օրով սկսվել է, ո՛չ էլ այս օրով ավարտվելու է:
Ալեքսանդր Կոչուբաեւի գրառման մեջ կա՞ հանցակազմի տարր:
– Նրան ինչի՞ համար են կալանավորել: Բացարձակ կալանավորելու հիմքեր չկան: Ասում են` գուցե խոչընդոտի կամ թաքնվի, բայց եթե անգամ կա խոչընդոտելու հավանականություն, թեպետ իրականում չկա նման բան, միակ խոչընդոտը կարող է լինել այն, որ այդ գրառումը վերացվի, սակայն պարզ է, որ դա անել հնարավոր չէ:
Ի վերջո, եկեք համեմատենք Կոչուբաեւի գրառումը՝ քննիչների հասցեին, վարչապետի գրառումների հետ:
Եթե Կոչուբաեւին դրա համար քրեական պատասխանատվության են ենթարկում, ապա նույնը պետք է անեն նաեւ վարչապետի դեմ: Իսկ եթե վարչապետը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ապա ոչ ոք չպետք է պատասխանատվության ենթարկվի:
Օրենքը հավասար է բոլորի համար: Մենք այսօր տեսնում ենք բացահայտ ու բացարձակ, անգամ ցուցադրական անհավասարություն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: