Գիշերային հարձակումների հիմնական թիրախը Ուկրաինայի էներգետիկան էր․ Զելենսկի

Երեքշաբթի գիշերը ռուսական հարձակումների գլխավոր թիրախը եղել է Ուկրաինայի էներգետիկան, Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Մասնավորապես, հարձակումների են ենթարկվել Խարկովի և Սումիի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։

«Ամենուր, որտեղ անհրաժեշտ է, այժմ աշխատում են պահանջվող ծառայությունները, շարունակվում են վերականգնողական աշխատանքները», – գրել է Զելենսկին։

«Ամեն օր, ամեն գիշեր Ռուսաստանը հարվածում է էլեկտրակայաններին, էլեկտրահաղորդման գծերին, մեր գազային օբյեկտները հարվածների տակ են», – հավելել է նա։

Զելենսկին նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և Ուկրաինայի եվրոպական գործընկերները կտրամադրեն երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ՀՕՊ միջոցները։

«Աշխարհը պետք է ստիպի Մոսկվային նստել իսկական բանակցությունների սեղանի շուրջ։ Միայն ուժի միջոցով խաղաղությունը կարող է արդյունք բերել», – ավարտել է ուկրաինացի նախագահն իր հաղորդագրությունը։

Տեսանյութեր

Լրահոս