
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛նս, գիտեմ՝ շունչդ կտրվում է թե՛ երևացող, և թե՛ չերևացող կործանարար ծխից. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Երևանի ծննդյան օրը.
«Այսօր Երևանում տոնէ…
Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ գրավել է Հադրութը, Արծրուն Հովհաննիսյանը եթեր էր մտնում ու երդվում, որ դա «լկտի սուտ է», Նիկոլ Փաշինյանը պատերազմը թողած՝ փորձում էր Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի նախագահ դարձնել, 24 ժամյա կեղծիքի մեջ ապրող հայ ժողովուրդը գիտեր, թե «հաղթելու ենք», իսկ այդ ժամանակ փոքրամասնություն կազմող իրականությունը տեսնող մարդիկ զգում էին մոտեցող աղետը ու փորձում գործել…
Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն էր հատկացնում մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար: Բագրատ ու Միքայել Սրբազանները փորձում էին մեր զինվորների մարտական ոգին բարձր պահել, տողատակերի մեջ բոլորին հասկացնելով, որ օրվա իշխանությունը տապալելու է պայքարը թշնամու դեմ: Արցախի նախկին ղեկավարները իրենց պատեպատ էին տալիս հարազատ հողը և ժողովրդին պաշտպանելու համար, բայց…
Բայց եղավ այն, ինչը դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 12-ին թվում էր անհնարին:
Սիրելի՛ Երևան: Այսօր դու նշում ես քո տոնը: Հանրապետության հրապարակում կառուցվել է համերգային ամենամեծ բեմը: Դու այսօր ուրախանալու ես, մայրաքաղա՛քս: Բայց հիշի՛ր: Աննախադեպությունը այսօրվա չի սահմանափակվում միայն մեծ բեմով: Հենց քո կենտրոնում գտնվող խցերում այսօր անարդարացիորեն բանտարկված են Սրբազաններդ ու Ազգային բարերարդ, շինծու գործերով տարբեր բանտերում են հայրենիքիդ նվիրյալները, Բաքվի բերդերում են քո հայրենակիցները, որոնց դատում են միայն նրա համար, որ հայեր են: Ունես հերոսներիդ կալանավորված ծնողներ, բարեկամներ, հարազատներ….
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛նս: Գիտեմ՝ շունչդ կտրվում է: Շունչդ կտրվում է՝ թե՛ երևացող, և թե՛ չերևացող կործանարար ծխից»: