Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ. «Փաստինֆո»

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս մեկ ամսով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից, կալանքի ժամկետը մեկ ամիս երկարացացնելու որոշումը կայացվել է օրերս։ Պաշտպանը հայտնում է, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել։ Բացի այդ, պաշտպանները պատրաստվում են նաև առաջիկա օրերին ՄԻԵԴ դիմում ներկայացնել՝ կապված առաջին կալանավորման հետ, որով, ի դեպ, վճռաբեկ բողոքը վերջերս էր մերժվել;

Ընդ որում՝ պարզվում է կալանքի երկարացման որպես հիմք, փաստորեն մատնանշվել է 7 տարի առաջ կարճելու որոշումը վերացումը։ Այսինքն՝ կալանավորման ժամանակ որոշումը վերացված չի եղել, բայց կալանավորել են մի գործով, որով դեռևս 2018թ․ քննություն է իրականացվել և կարճվել, իսկ հետո վերացրել կարճումը ու դա օգտագործել կալանավորումը երկարացնլու համար։

«Իրականում 2018թ․ քննություն է իրականացվել, պարզվել, որ Վարդան Հարությունյանը որևէ կապ չունի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ՝ ոչ ստեղծել, ոչ ղեկավարել, ոչ կառավարել է։ Եթե տեխնիկապես այդ կարճման որոշումը վերացված է, ապա դա դեռ չի նշանակում, որ 2018թ․ քննության ընթացքում ձեռք բերված տվյալները հերքվել են։ Այսինքն՝ այդ տվյալները կան՝ այն իմաստով, որ Վարդան Հարությունյանը որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ կալանավորման երկարացման որոշման հիմքում նույնն է, ինչ նախորդ որոշման ժամանակ, սակայն որևէ փաստական տվյալ, հիմնավորում չկա՝ ոչ հիմնավոր կասկածի, ոչ էլ՝ խոչընդոտման հավանականության մասով։

Հարցին՝ արդյո՞ք այստեղ գործ չունենք իրավիճակի հետ, որ ի սկզբանե քրեական հետապնդումն ապօրինի է հարուցվել, որովհետև նախորդ՝ կարճման որոշումը դեռևս վերացված չի եղել, դա արվել է կալանքից հետո՝ Անդրիկյանը պատասխանեց՝ նշելով, որ այդ մասով խնդիր կա, բայց կալանքի հարց քննարկող դատարանները նշում են, որ դա քննության հետագա փուլերի կամ հետագա դատավարության խնդիրներ են, այս փուլում այդ հարցին չեն անդրադառնում։

«Ունենք այն, ինչ ունենք, բայց եթե հաշվի առնենք, որ Վարդան Հարությունյանը կալանքի տակ է, ապա այդ հիմնավորումներն անընդունելի են, այսինքն՝ անձին կալանքից թող ազատեն, քննություն իրականացնեն, այդ հանգամանքներն ինքնին հետագայում կբարձրանան»,- ասել է փաստաբանը։

Դիտարկմանը, որ հետագայում ինչ որոշում էլ կայացվի, օրինակ՝ կարճման, միևնույն է, անձն այս պահին կալանքի տակ է, իրավունքները սահմանափակված են, ինչ խնդիր են լուծում՝ Անդրիկյանը պատասխանեց՝ նշելով, որ այս պահին խնդիր են լուծում՝ Հարությունյանին կալանքի տակ պահելու։ Թե ինչ խնդիր են լուծում, արդյո՞ք փորձում են կանխել նրա մասնակցությունը՝ քաղաքական գործընթացներին՝ փաստաբանը զերծ մնաց մանրամասնելուց։

Ինչ վերաբերում է գործով անցնող այլ մեղադրյալներին, ապա Հարությունյանի և նրանց մասնակցությամբ որևէ գործողություն՝ առերես հարցաքննություն չի իրականացվել, պաշտպանը նշում է՝ եթե Հարությունյանի դեմ ցուցմունքներ լինեին, ապա առնվազն առերեսում կլինի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս