
«Նիկոլը մանր մարդ է․ իր մաղձն է թափում գյումրեցիների նկատմամբ»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ արդարադատության պարագայում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վճիռ դատարանը չէր կայացնի։
«Սա ընդամենն արդարադատությունը որպես մահակ օգտագործել էր և քաղաքական, ինչպես նաև՝ կրոնական հակառակորդներին խաղից դուրս հանել էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
«Նիկոլը որքան էլ պատվերներ ստանա Բաքվից, Անկարայից կամ Արևմուտքից՝ գլոբալիստների գլխավորությամբ, որ չեզոքացնի Հայ Առաքելական եկեղեցին, որն այն միակ ինստիտուտներից է մնացել ՀՀ-ում, որը Նիկոլը դեռ չի պղծել և չի քանդել, նա նաև ունի իր սեփական շահերը, որովհետև աղանդավոր է։ Բազմիցս դա ապացուցել է, ի ցույց է տվել և եկեղեցին քանդելու գործում ունի իր անձնական շահը»,- շեշտեց նա։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ Փաշինյանն ընդդիմախոսների նկատմամբ բացահայտ տեռորի է անցել, ինչի հետևանքով սովորական քաղաքացիների մի մասը վախենում է իր կարծիքն արտահայտել․
«Գյումրիում ակտիվ դժգոհողների թիվը քիչ է, չեմ կարող այդ մարդկանց մեղադրել, բայց այդ նույն մարդիկ պետք է հասկանան, որ երբ հարցը վերաբերում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նման մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն, և երբ հասարակության լայն շերտերը լռում են՝ իրենց դժգոհությունը հայտնելով այս կամ այն անկյունում, վերջում այդ ամենը գալու է նաև իրենց հասնի։ Եթե մի անարդարության նկատմամբ պասիվ դժգոհություն ես արտահայտում, ուրեմն՝ այդ անարդարությունը քեզ էլ է հասնելու։ Մարդիկ վախենում են, որ գործից կազատվեն։
Այս իշխանություններն իրենց բան ու գործը թողած՝ նայում են, թե սոցիալական ցանցերում ով ում ինչ լայք է դնում, ինչ մեկնաբանություն է գրում, դրա համար էլ օպերատիվ ծառայություններ ունեցող Ոստիկանությունը և ԱԱԾ-ն փոխանակ կանխարգելեն սպասվելիք հանցագործությունները, որովհետև նրանց գործը ոչ թե շատ դեպքերում հանցագործությունը բացահայտելն է, այլ՝ կանխարգելելը, իրենք զբաղված են այլ հարցերով, հատկապես՝ ընդդիմադիրների վրա գործ սարքելով»։
Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց Գյումրիի տոնի առթիվ, ինչն ըստ Համբարյանի՝ Փաշինյանի մանր մարդ լինելու ցուցիչն է․ «Նիկոլն այնքան մանր մարդ է, որ եթե չի ընդունում Վարդան Ղուկասյանին՝ որպես Գյումրիում քաղաքապետ, կարող էր գյումրեցիներին շնորհավորել, բայց քանի որ գիտի՝ Գյումրիում ինքը պարտվել է, իր մաղձն է թափում գյումրեցիների նկատմամբ»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար Նիկոլ Փաշինյանն անգին գանձ է․ «Նիկոլն ասում է՝ 1 տարի 7 ամիս խաղաղություն է․ այդ խաղաղությունը տևելու է մինչև ընտրությունների ավարտը։ Այդ խաղաղությունն իր գինն ունի, ադրբեջանաթուրքական տանդեմը Նիկոլին ասել է՝ խաղաղություն ենք հաստատել քեզ հետ, բայց դա իր գինն ունի, և դու այդ գնի համար պետք է վճարես, որ դու մնացիր իշխանության Հայաստանում՝ պետք է մեզ տաս «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ ամբողջական վերահսկողություն, համաձայնես, որ 300-400 հազար ադրբեջանցի լցվեն Հայաստան, պետք է հայկական բանակը զինաթափես, պաշտոնապես ներողություն խնդրես արցախյան առաջին պատերազմի համար, փոխհատուցում տրամադրես, այսպես կոչված, 30 տարվա օկուպացիայի համար, և այլն։ Եթե ուշադիր նայեք՝ այս շանտաժ-պայմանների պահով Նիկոլն արդեն քայլեր արել է»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում