
Բաքվում այսօր ցուցմունք են տվել պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ

Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։
Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ցուցմունք են տվել պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ. ոմն Իլհամ Մամեդովն է դատարանում ասել, թե «ճանաչել է» Մնացականյանին որպես այն սպային, որը 2022 թվականի մայիսին «իրեն դաժան խոշտանգումների է ենթարկել»։ Ըստ ադրբեջանցու` Մնացականյանը, իբրև հրամայել է նրան «քայլել ականապատ դաշտերով», իսկ թե ինչպես է ողջ մնացել` չի պարզաբանվում։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: