
Անդրանիկ Քոչարյանի վտանգավոր գաղտնազերծումը, կամ՝ «գաղտնի գործողություն», որը չի հաստատել ԻԿԱՕ-ն

Factor.am-ի հետ հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե մեր ՀՕՊ համակարգը չի արդիականացվել, նոր էր սկսվել, և 2018 թվականից հետո ՀՕՊ համակարգեր սկսեցին ներկրվել:
««ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերը սկսվեցին ներկրվել և հիմնականում տեղակայվեցին: Ու պատերազմի ընթացքում մինչև վերջին պահը ««ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերից 1-2 դիվիզիոն դեռ ծառայության մեջ էին, բայց նաև խոցվել էին: Այդ ընթացքում մենք նաև փորձում էինք Իժևսկի գործարանից պահեստամասերն արագ բերեինք, լոգիստիկ բարդագույն խնդիրների առաջ էինք կանգնած: Վարչապետի բորտը, ի վերջո, ծառայում էր այդ նպատակին: Ճանապարհները փակ էին Հայաստանի համար՝ հարևանների կողմից»,- շարունակել է նա:
Ճշտող հարցին՝ վարչապետի բորտը զենք ներկրելո՞ւն էր ծառայում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքել է. «Բա ինչի՞ համար, այո՛»:
Սակայն Քննիչ հանձնաժողովի նախագահի այս վտանգավոր հայտարարությունն աննկատ մնաց:
Այն, որ պատերազմի օրերին լոգիստիկ խնդիրներ են եղել, բազմիցս գրել ենք նաև մենք:
Այլ հարց է, օրինակ, թե Վրաստանի կողմից օդային և ցամաքային ուղիների փակումը ՌԴ-ից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռների համար որքանո՞վ է եղել օրինական, որքանով՝ Ադրբեջանին, այսպես ասած՝ չնեղացնելու քայլ:
44-օրյայի ժամանակ զենք-զինամթերքի մատակարարման հարցում լոգիստիկ խոչընդոտների առկայությունը հետպատերազմյան շրջանում հաստատել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ընդ որում, նա սրա մասին զգուշացրել է դեռ պատերազմից առաջ և առաջարկել անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել:
«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»,- 2023 թվականի հունիսի 28-ի իր տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:
Իհարկե, սա չի նշանակում, որ մատակարարման ուղիների «զմռսված» լինելու պայմաններում պատերազմի ժամանակ զենք չի մտել Հայաստան, և, ինչպես 2023 թվականի օգոստոսին Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ արվել է «անհնարինը», մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի շնորհիվ, որին իշխանությունները մեկուսացրել կամ փորձում են մեկուսացնել այս հարցերից:
168.am-ը գրել էր Բուլղարիայի՝ այս հարցում «հարմար ճանապարհ» լինելու մասին:
Իսկ հոդվածի թեմայի համատեքստում հավելենք, որ 2021 թվականի ապրիլին Ալիևը հարցազրույց էր տվել տեղական հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել էր ՀՀ բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանին և ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարմանը:
«Ինչ վերաբերում է մաքսանենգությանը: Իհարկե, սա պահանջում է հետաքննություն, որովհետև պատերազմի ժամանակ «մաքսանենգ» ճանապարհով (չակերտները՝ Մ.Պ.-ի) Ռուսաստանից Հայաստան մեծ քանակի զենք է ուղարկվել: Ադրբեջանը ռուսական կողմին՝ ամենաբարձր մակարդակի, առհասարակ, բոլոր և համապատասխան կառույցների մակարդակներում, տեղեկացրել է այս հարցի մասին:
Մենք նույնիսկ նամակներ ենք ուղարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ԻԿԱՕ (ICAO-International Civil Aviation Organization): Եվ այդ նամակներում մենք տրամադրել ենք նաև չվերթերի համարները, որ այսպիսի ինքնաթիռներով, քաղաքացիական ինքնաթիռներով Ռուսաստանից Հայաստան սպառազինություն է բերվել:
Մենք անգամ տրամադրել ենք զենքի տեսակը: Բայց չնայած, որ պատերազմի ժամանակ ոչ մեկ անգամ նամակ ենք ուղարկել ԻԿԱՕ-ին, ոչ մի պատասխան չենք ստացել:
Մենք հստակ գիտենք, որ զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Ռուսաստանում նստած, անօրինական ճանապարհով ռուսական ռազմարդյունաբերական գործարաններից ձեռք է բերել սպառազինություն և քաղաքացիական ինքնաթիռներով ուղարկել Հայաստան»,- ասել էր Ալիևը՝ նշելով, որ այս ամենի մասին տեղեկացրել են ռուսական կողմին, նաև այն, որ՝ «Դավիթ Գալստյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բիզնես-գործընկերը»:
Ավելին, Ալիևը խոսել էր այդ ժամանակ Դավիթ Գալստյանի դեմ հարուցված հրանոթի գործի մասին՝ սպառնալով, թե նրա «անօրինական» գործունեության մասին փաստեր ունեն՝ «եթե անհրաժեշտ լինի, դրանք մենք կգաղտնազերծենք»:
Ի դեպ, «հրանոթի արկերի» գործով զենքի մատակարարն ավելի ուշ արդարացվեց:
Եվ հիմա, երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարել է 44-օրյայի Քննիչ հանձնաժողովը և տիրապետում է պատերազմի մասին գաղտնիության տարրեր պարունակող ահռելի տվյալների ու հրապարակավ հայտարարում է, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանից «վարչապետի բորտով զենք-զինամթերք են հասցրել Հայաստան», ի՞նչ որակում տալ դրան Ադրբեջանի նախագահի հիշատակված հարցազրույցի համատեքստում, երբ անգամ ԻԿԱՕ-ն Ադրբեջանին չի պատասխանել, այսինքն՝ չի հաստատել քաղաքացիական ինքնաթիռներով և մաքսանենգ ճանապարհով զենքի տեղափոխման կամ մատակարարման փաստը:
Բացի այդ, եթե ընդունենք, որ Անդրանիկ Քոչարյանը ճիշտ տեղեկություն է հայտնել, ապա այստեղ էլ գործ ունենք գերգաղտնի գործողության գաղտնազերծման հետ, ընդ որում, սա անում է պատերազմական հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի նախագահը, որն աջուձախ լրագրողներին հորդորում է պետական և ռազմական գաղտնիքներ պարունակող հարցադրումներ չանել:
«Պետական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է պետական գաղտնիքի շարքին դասվող տարբեր բնագավառներին առնչվող տեղեկությունները, մասնավորապես դրանք են՝
– ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,
– զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունը, ինչպես նաև՝ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառին առնչվող մի շարք այլ տեղեկություններ:
Թե պետական գաղտնիք համարվող ո՞ր «տեղեկության» տակ մասնագետները կտեղավորեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ ժամանակը ցույց կտա, բայց փաստ է՝ գործ ունենք գաղտնի օպերացիայի գաղտնազերծման հետ (եթե, իհարկե, այն իրականության հետ աղերս ունի), և այն կարող է աշխատել Հայաստանի Հանրապետության դեմ, այն դեպքում, երբ, կրկնում ենք, ԻԿԱՕ-ն անպատասխան էր թողել Ալիևի մեղադրական նամակները Հայաստանի դեմ:
Ավելորդ է ևս մեկ հիշատակել Բաքվի «դատավարության» բովանդակության, նպատակների և արդյունքների մասին:
Մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչների դեպքում նման գործելաոճը վաղուց զարմանք չի առաջացնում: 168.am-ը գրել է Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և դրանից հետո գաղտնիության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների գաղտնազերծման դեպքերի մասին: Անգամ ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան էր հանրայնացվել, և դեռ պարզ չէ՝ որքանո՞վ է դրանից օգտվել հակառակորդը և մարտական գործողությունների պլան փոխել: