Ես տեսել եմ կազմակերպված թաղումներ, Արմենի Էդիկի նկարներին կապած սև լենտերը. էլ ատելություն չեմ ուզում, բավական է. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը հավատում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հաջողության հասնելու հնարավորություն ունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց նա։

Նա հիշեցրեց, որ 7 տարի առաջ՝ 2018թ․ խորհրդարանի դահլիճում որպես պատգամավոր նստած չէր հավատում, թե Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ։ Սակայն 7 օրերի ընթացքում երկրում այնպիսի ներքաղաքական իրավիճակ էր ստեղծվել, որ դա հնարավոր դարձավ։

«Ես կարևորում եմ անվստահություն հայտնելու այս գործընթացը, որովհետև սա միակ գործուն օրակարգն է, որտեղ խաղի կանոնը չի թելադրում Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Նա որպես օրինակներ ներկայացրեց Նեպալում տեղի ունեցած հեղափոխությունն ու Ֆրանսիայում վարչապետի հրաժարականը․ շեշտեց՝ Հայաստանը չպիտի գնա Նեպալի ճանապարհով, որտեղ հեղափոխությունը նաև մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ։ Ըստ նրա՝ Հայաստանում հնարավոր է Ֆրանսիայի օրինակն իրականություն դառնա, երբ վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը սեպտեմբերի 8-ին անվստահություն հայտնեց նրա կառավարությանը։

Նա հայտարարեց՝ այսօր չի խոսելու Փաշինյանի մասին, որովհետև նրա մասին արդեն ամեն ինչ ասված է, և այսօր, ըստ նրա, Փաշինյանն արդեն բաց խաղաքարտերով է խաղում և ցույց տալիս, որ իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի է պատրաստ։

«Նիկոլն իր իշխանությունը պահելու смертник է»,- ասաց նախկին պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց նաև, որ պատրաստակամություն է հայտնում պաշտպանելու ՔՊ-ական այն պատգամավորներին, որոնք թրաֆիքինգի զոհ են։

Տեսանյութեր

Լրահոս