Բաժիններ՝

Հայ դպրոցականը «Ռոսատոմի» մրցույթի արդյունքում սառցահատով կմեկնի Հյուսիսային բևեռ

Հայ դպրոցական Յուրի Սարիբեկյանը ատոմային սառցահատով կմեկնի Հյուսիսային բևեռ։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը:

Սարիբեկյանը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ անցկացվող «Գիտելիքի սառցահատ» միջազգային մրցույթի հաղթողներից է:

Այս տարի մրցույթի միջազգային փուլին մասնակցել են 14-16 տարեկան շուրջ 5 հազար դպրոցականներ և արհեստագործական ուսումնարանների ուսանողներ 22 երկրից։ Մրցույթն անցկացվել է երեք փուլով։ Նախ գիտական վիկտորինա է անցկացվել, հետո մասնակցել են ատոմային ոլորտի փորձագետների հետ վեբինարների, իսկ երրորդ փուլում կատարել են «Ինչպե՞ս են ատոմային տեխնոլոգիաներն այսօր փոխում աշխարհը» ստեղծագործական մրցույթի առաջադրանքը:

Հայաստանի կողմից մրցույթում հաղթած Յուրի Սարիբեկյանը Մեծամոր քաղաքի (որտեղ գտնվում է Հայկական ԱԷԿ-ը) հիմնական դպրոցներից մեկի շրջանավարտ է, ատոմային էներգետիկների ընտանիքից է և «Խաղաղ ատոմ» հասարակական կազմակերպության ակտիվիստ:

Գիտարշավը կմեկնարկի օգոստոսի 4-ին Մուրմանսկից և կտևի 10 օր: Տարբեր երկրների երեխաները «50 лет Победы» ատոմային սառցահատով Բարենցի ծովով, Ֆրանց Յոզեֆի Երկրի կողքով կուղևորվեն դեպի Հյուսիսային բևեռ։ Ատոմային սառցահատում կանցկացվեն դասախոսություններ, վարպետության դասեր, գիտական փորձեր և թիմային ստեղծագործական նախագծեր:

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու ատոմային սառցահատի աշխատանքին, տեսնելու Արկտիկայի բնությունը և ներկայացնելու իրենց երկրների մշակույթը:

Բացի այդ, յուրաքանչյուր դպրոցական Հյուսիսային բևեռ կհասցնի իր երկրի դրոշը:

«50 лет Победы» ատոմային սառցահատը ռուսական նավատորմի ամենահայտնի նավերից է։ Այն օգտագործվում է Արկտիկայում աշխատելու, սառցային բարդ պայմաններում նավերն ուղեկցելու, Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունն ապահովելու, ինչպես նաև դեպի Հյուսիսային բևեռ հատուկ ուղևորությունների համար։

«Գիտելիքի սառցահատ» նախագիծն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ 2019 թվականից և ուղղված է բնական գիտությունների ու ատոմային տեխնոլոգիաների հանրայնացմանը բարձր դասարանների դպրոցականների շրջանում։ 2024 թվականից միջազգային դարձած մրցույթի շնորհիվ բևեռ են մեկնել աշխարհի 15 երկրի երեխաներ, այդ թվում՝ հայաստանցի դպրոցական Արթուր Շարյանը։ 2025 թվականին Հայաստանից մասնակցել է Ալինա Մնոյանը։

Նախագծի 6 սեզոնների ընթացքում «Ռոսատոմի» արկտիկական արշավախմբերի մասնակից է դարձել ավելի քան 400 դպրոցական, իսկ ընտրական փուլերին մասնակցել է ավելի քան 350 հազար մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031