ԱՄՆ–ի ագրեսիային աջակցող յուրաքանչյուր ոք օրինական թիրախ է Իրանի համար. հրամանատարություն
Յուրաքանչյուր ոք, ով աջակցում է ամերիկյան ագրեսիային, օրինական թիրախ է Իրանի զինված ուժերի համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։
«Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ԱՄՆ բանակի ագրեսիային աջակցող ցանկացած աղբյուր օրինական թիրախ կդառնա զինված ուժերի համար»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Fars» գործակալությունը։
ԱՄՆ զինվորականներն այս գիշեր հզոր հարվածների շարք են սկսել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, թե դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։

