
Հայաստանից արտահանումը նվազել է, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով

Հայաստանից արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 52.8 տոկոսով, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով:
Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմանը: «Հայաստանից արտահանումը նվազել է 52.8 տոկոսով: Դրա պատճառը ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումն է: Իսկ ամենակարևորն ու ուրախալին այն է, որ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով»,-ասաց նախարարը:
Հունվար–հունիսին ապրանքների ներմուծումը նվազել է 38.6 տոկոսով, որը նույնպես պայմանավորված է վերաարտահանման կտրուկ նվազմամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ վերաարտահանման ազդեցությունը հանած՝ ներմուծման աճը կազմել է շուրջ 7 տոկոս: