ԱՆՏՈԿՈՍ, ԱՄԵՆ ԱՄԻՍ ԳՈՒՄԱՐ ՎՃԱՐԵԼՈՎ՝ ԿԱՐՈՂ ԵՔ ՏՈՒՆ ԳՆԵԼ. ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

168TV-ի «ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒԺԸ»  հաղորդաշարի հյուրն է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

-Եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենքի չեղարկումից հետո Կառուցապատողների հայկական ասոցիացիան Կառավարությանն է ներկայացրել մի շարք առաջարկներ՝ ինչպես ցածր տոկոսներով  հիփոթեքային վարկերի տրամադրման, այնպես էլ՝  հնամաշ բնակֆոնդը նորով փոխարինելու վերաբերյալ։

-Այսօր կառուցապատման շուկայի հիմնական խաղացողները կարողանում են առաջարկել այնպիսի ծրագրեր, որ Եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենքի դադարումից հետո հնարավոր կլինի կառուցապատման տեմպերը պահել։ Կրկնում եմ՝ դա կարողանում են անել շուկայի հիմնական դերակատարները։

-Կառուցապատողներն այժմ առաջարկում են անշարժ գույքի ձեռքբերում՝ ինչպես կորպորատիվ պարտատոմսերի թողարկման, այնպես էլ՝ տարաժամկետ՝ առանց տոկոսի վաճառքի գործարքների միջոցով։ Այս դեպքում վաճառքի կողմ են դառնում կառուցապատողն ու գնորդը՝ առանց բանկի։ Շուկայի հիմնական դերակատարները գնման իրավունքը վաճառում են գնորդին և ձեռք բերում պայմանավորվածություն, ենթադրենք՝ 60 ամսվա ընթացքում ամեն ամիս 1000 դոլար վճարելով՝ մարել, օրինակ,  60 հազար դոլարանոց անշարժ գույքի արժեքը։

-Մեր կողմից հաշվարկներ են արվել, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարներն օգտագործել և քաղաքացիներին տալ վարկեր՝ ընդհուպ 6-7 տոկոսով՝ բնակարան գնելու համար։ Այս մասով դեռ քննարկումների փուլում ենք գտնվում՝ լիահույս, որ հնարավոր կլինի այս ծրագիրը կյանքի կոչել։

-Առաջարկել ենք նաև ծրագիր՝ ներդրումային գրավչությունն ապահովելու պայմաններում հնարավորություն տալ կառուցապատողներին հին բնակֆոնդը քանդել, տեղը նորը կառուցել։ Ներդրումային գրավչություն ասելով՝ կարող ենք պատկերացնել, օրինակ, հոսանքի, ջրի, գազի միացման աշխատանքների համար պետական ֆինանսավորման ներդրման հարցը։

-Կառուցապատման շուկայի պայթել-չպայթելը պայմանավորված է պետության վարած քաղաքականությամբ։ Շուկան չի պայթի, իհարկե, որոշ երկրաշարժեր կլինեն։

Վերջում ներկայացնում ենք Գուրգեն Գրիգորյանի հարցը՝ հաղորդաշարի հաջորդ հյուրին. «Ի՞նչ կանեիք Դուք ներդրումային միջավայրի կանխատեսելիության և ապահովության համար»։

Գրիգոր Գրիգորյանին հարց հղած գործարարի հարցազրույցը՝  այստեղ

Տեսանյութեր

Լրահոս