
Մի խաբվեք թեզին, թե այս պայքարը եկեղեցու դեմ չէ. Պարոնա՛յք, ձեր բռնած ուղին կեղծ է, քաոսային է ու վտանգավոր. Տեր Ներսես Ռուշանյան

Տեր Ներսես Ռուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «451թ, մայիսի 26։ Սասանյան Պարսկաստանի զորքերը Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ Ավարայրի դաշտում դասավորվեցին Տղմուտ գետի աջ ափին, իսկ հայկական զորքերը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ` ձախ ափին։
Բայց, ցավոք, այդ նույն ժամանակ պարսկական զորքերի մեջ էին նաև հայեր` դավաճան Վասակ Սյունու գլխավորությամբ։
Որքան էլ որոշ պատմաբաններ փորձեն արդարացնել Վասակին` որպես շրջահայաց, դիվանագետ գործչի, բայց նա, այս օրերին թևավոր խոսք դարձած բառերով ասած` կարմիր գիծն անցավ. կանգնեց պարսկական զորքերի կողքին, կռվեց իր եղբայրների դեմ, և անգամ հայի արյուն թափեց։
Գանք մեր օրեր։
Արդեն իսկ ազգային միասնականության ոգին թուլացրած մեր ժողովուրդն այս վերջին տարիներին էլ ավելի բազմաշերտ է դարձել` նախկիններ ու ներկաներ, սևեր ու սպիտակներ…
Այս շարքը չթվեմ, որովհետևինքս էլ կխճճվեմ։
Այս վերջին ամիսներին մեր երկրի ղեկավարության անմիջական և հետևողական ջանքերով մեր հասարակության մեջ կարծես մի նոր «ՏՂՄՈՒՏ ԳԵՏ» է ուրվագծվում` ժողովրդին բաժանելով կողմերի` ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա գահակալի` մի կողմից, և Եկեղեցու կայունության համար նախանձախնդիրների` մյուս կողմից։ Բայց այս անգամ մի մեծ տարբերությամբ` հայը հայի դեմ հրավիրելով, պառակտման ոգի սերմանելով։
Թեման շատ մեծ է, ասելիքս էլ` շատ։ Փորձեմ հակիրճ հանդես գալ։
Ցանկանում եմ հիշատակել Սուրբ Եղիշե պատմիչի խոսքերը. «Թագավորը, եթե իմաստությունը չունի իրեն որպես աթոռակից, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել»։ Ես այս խոսքերն այսօր այսպես կձևակերպեմ. ՀՀ որևէ ղեկավար, բարձր պաշտոնյա, մտավորական, հաշվի առնելով մեր երկրի դիրքն ու պատմությունը, եթե մեր բազմադարյա ու բազմավաստակ Մայր Եկեղեցին իր ահռելի պատմական ռեսուրսներով չի դիտարկում իր համար որպես նեցուկ և հենարան, ավելին` քար է նետում նրա վրա, կամ փորձում թուլացնել և հեղինակազրկել, մեղմ ասած` զուրկ է իմաստությունից։
Պարոնա’յք, Ձեր բռնած ուղին կեղծ է, քաոսային է, սուտ է ու վտանգավոր։ Ժողովրդի քվեով բազմել եք Ազգային Ժողովի շենքում և այն վերածել ՍՏԻ աստծո տաճարի, այնտեղ դարձել քրմապետ, քրմեր ու քրմուհիներ, և այդ ՍՏԻ աստծուն հարաժամ ձեր իսկ ստերով եք խնկարկում, (երեկվա հարց ու պատասխանները վկա), և մշտապես ստում և ստում, թե բա եկեղեցու զավակ ենք, եկեղեցու սրբության համար ենք պայքարում։
Կաթողիկոս ե՞ք ուզում փոխել։ Ազգադավ, եկեղեցադավ արշավ։ Ախր ո՞նց չեք հասկանում. եթե Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ երկնքից իջնի ու բազմի այդ գահին, դուք, մենք բոլորս, կրկին ենք Նրան խաչելու. սա է մարդու տեսակը։
Ուրեմն, կեղծ օրակարգեր մի՛ ստեղծեք, ժողովրդին էլ հոգեբանական նոր տեռորների մի՛ ենթարկեք։
Եվ ուրեմն, հա՛յ մարդ, դու որոշիր, թե «Տղմուտ գետի» որ ափին ես կանգնած։ Եթե այդ ափը ընդդեմ Եկեղեցու է (մի խաբվեք այն թեզին, թե այս պայքարը ընդդեմ եկեղեցու չէ, այլ` հանուն), լա՛վ իմացիր, բաժինդ վասակների հետ է։
Իսկ ես ուզում եմ խոսքս վերջացնել մեկ այլ հայ պատմիչի խոսքի իմ տարբերակով` համաձայն եմ Հայրապետիս հետ գնալ «դժոխք», քան ձեզ հետ` ձեր պատկերացրած արքայություն։
Հ.Գ. Ովքեր գրությանս հետ համաձայն չեն, դրա տակ իրենց մեկնաբանություններով չփորձեն ինքնահաստատվել»։