Բաժիններ՝

Գազայում սովից մահացածների թիվը հասել է գրեթե 400-ի

Գազայի հատվածում սովից և թերսնումից վերջին 24 ժամվա ընթացքում ևս 6 մարդ է մահացել, հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է հասել է 399-ի, որոնցից 140-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բացի այդ, տեղի իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 9-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով պաղեստինյան անկլավում 25 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ անհետ կորած է. նրանց փլատակներից հանելու հնարավորություն չկա։

Գազայի արտակարգ իրավիճակների և շտապօգնության ծառայությունների տնօրենն իր հերթին հայտարարել է, որ մարդիկ «անօգնական են Գազա քաղաքում Իսրայելի կողմից համակարգված ռմբակոծության հետևանքով առաջացած կոտորածների և ավերածությունների առջև»։

Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի կողմից աջակցվող «Սննդամթերքի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգում» (IPC) մարմինը Գազայի հայտվածում ստեղծված իրավիճակն առաջին անգամ պաշտոնապես որակել է որպես սով: Իսրայելը հերքում է սովի առկայությունը Գազայում։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 605-ի, վիրավորվել է  163 319 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Պատանդներից 48-ը դեռ ՀԱՄԱՍ-ի մոտ են. նրանցից միայն 20-ն է, ամենայն հավանականությամբ, ողջ մնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս