ՇՀԿ-ն եզակի տեղ է զբաղեցնում բազմաբևեռության ձևավորման գործընթացում. Գուտերեշ

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) առանձնահատուկ դեր է խաղում բազմաբևեռ և կայուն աշխարհակարգի ստեղծման գործում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովում ելույթի ընթացքում:

«Շանհայի համագործակցության կազմակերպությունը եզակի տեղ է զբաղեցնում ավելի խաղաղ, բազմակողմ և կայուն ապագայի ձևավորման գործում», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ աշխարհը սրընթաց շարժվում է դեպի բազմաբևեռ կարգ, ինչին շատ բանով նպաստում են զարգացող տնտեսությունները, որոնք վերափոխում են միջազգային առևտուրը և դիվանագիտական ​​հարաբերությունների համակարգը: Գուտերեշի խոսքով՝ տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են միջազգային ինստիտուտների, ամենից առաջ ֆինանսական ինստիտուտների բարեփոխում, որպեսզի դրանք արդարացիորեն հաշվի առնեն զարգացող երկրների շահերը:

«Մենք այլևս 1945 թվականում չենք. մեր ինստիտուտները պետք է արտացոլեն այսօրվա իրողությունները», – ընդգծել է նա:

Այդ առումով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել է գլոբալ կառավարման նախաձեռնությանը, որն առաջադրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

ՇՀԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել Թիենծինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Դրան մասնակցել են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է համագործակցության 15 նոր փաստաթուղթ:

Տեսանյութեր

Լրահոս