ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂԸ ԿԱՌՈՒՑԱԾ ԱՖՐԻԿՅԱՆ ԿՐՏՍԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾԸ

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը Afrikyan‘s Restaurant-ի հիմնադիր ՍԵՐԳԵՅ ԱՖՐԻԿՅԱՆՆ Է։

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

– Ներողամտություն. բնավորությանս այս գիծը կուզեի առանձնացնել, որովհետև այն երբեք չի փոխվում։ Կարծում եմ՝ շատ ավելի հեշտ է ապրել միշտ ներելու կարողությամբ, քան՝ քինախնդրությամբ։

Կարդացեք նաև

– Մանկուց շատ տարբեր են եղել երազանքներս։ Ես չեմ հիշում, բայց ծնողներս պատմում են, որ ուզում էի դիրիժոր դառնալ. միշտ փողկապով եմ եղել, փայտիկներով չափ տվել։ Հիմա երբ հետ եմ նայում, հավանաբար, այդ երազանքը հենց այնպես չէր։ Հիմա սիրում եմ մեծ խմբերի հետ աշխատել։

– Իմ ձևավորման վրա ամենամեծ ազդեցությունը թողել է իմ ընտանիքը։ Ծնվել եմ ուսադիր կրողների ընտանիքում՝ և՛ հայրս, և՛ պապիկս եղել են ծառայության մեջ։ Ընտանիքում եղել է և՛ խստություն, և՛ պատասխանատվություն, բայց, միևնույն ժամանակ, անսահման մեծ ազատություն են ինձ տվել որոշումներիս կայացման հարցում։ Պապիկս ինձ սովորեցրել է՝ պետք է լինել կազմակերպիչ։ Հիշում եմ՝ մի անգամ ասաց՝ կատարող ես, քեզ չեմ մեծացնելու։

– Շատ մեծ պատասխանատվություն է կրել Աֆրիկյան ազգանունը. Աֆրիկյան եղբայրներն այն բացառիկ գործարարներից են եղել, որոնք այլ գործարարների հետ միասին կառուցել են Երևանի ջրմուղը։ Մինչ այդ Երևանում ջուր չի եղել։ 1892 թվականին Աֆրիկյանները պանդոկ են ունեցել Թիֆլիսում, կոնյակի, բամբակի գործարաններ, առևտրի տներ՝ Երևանում։

– Այսօր Երևանում առկա 3000 ռեստորանների 30-40 տոկոսը փակվելու են, ինչու, որովհետև բացվել են զուտ այն բանի համար, որ դրանց սեփականատերը փող է ունեցել, կամ կարողացել է վարկային միջոցներ ներգրավել։ Ռեստորան պահելը շատ մեծ աշխատանք է պահանջում։ Բիզնեսմենի հոտառություն է պետք. պետք է վստահ լինես, որ կարող ես խփել նշանակետին։

– Թիմին ընտրելիս մեծ կարևորություն եմ տալիս մարդկային որակներին։ Շատ եմ կարևորում հումորի զգացողությունը, որովհետև կոնկրետ մեր թիմում առանց հումորի մարդը 5 րոպե չի կարող դիմանալ։

– Թիմի հետ աշխատանքում, ինչպես նաև ընտանիքում, կողմ եմ՝ ինչպես մոտիվացիային, այնպես էլ՝ դիսցիպլինային, որովհետև այս երկուսից միայն մեկով առաջնորդվելու դեպքում մյուսը կորում է։

– Որպես գործարար՝ նպատակս բիզնես կայսրություն ստեղծելն է, կամ ավելի ճիշտ՝ Աֆրիկյանների բիզնես կայսրությունը վերադարձնելը, որ Երևան քաղաքում տասը խաչմերուկ անցնելիս՝ իմ ազգանունը պատերին գրված տեսնեմ։

Վերջում ներկայացնում ենք Սերգեյ Աֆրիկյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին.

«Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր բիզնեսը 2035 թվականին»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս