Տեղեկատվական վակուում Հայաստանում՝ Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպմանն ընդառաջ․ միջազգային մամուլը բացահայտել է սպասվող պայմանավորվածությունների ողջ օրակարգը
Ժամեր անց Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Նիկոլ Փաշինյանին, հետո՝ Իլհամ Ալիևին, ապա՝ Փաշինյանին ու Ալիևին՝ միասին։
Ամերիկյան պաշտոնական աղբյուրները պնդում են, որ Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է կատարել, որպեսզի ռեգիոնալ «լուծումներն» արձանագրվեն հենց Թրամփի հովանու ներքո։
Բանակցային հիմնական բեռը եղել է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վրա։ Վերջերս Թրամփն ինքը հայտարարեց, թե Հարավային Կովկասում իր վարչակազմը հրաշք է գործել։
Ժամեր առաջ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ փաստաթուղթը, որն Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, կլինի խաղաղության համաձայնագրի սկիզբը։ Ինչպես նշել է Ռուբիոն, Դոնալդ Թրամփը հավատարիմ է խաղաղությանը։
«Խաղաղության ավելի լայն հարցի առնչությամբ նախագահը նվիրված է խաղաղությանը և պատրաստ է լինել խաղաղության նախագահ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, ապա օգոստոսի 8-ին մենք այստեղ կլինենք՝ ստորագրելու համաձայնագիր, որը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը»,- ընդգծել է Մարկո Ռուբիոն։
ՀՀ իշխանությունները հստակ, կոնկրետ, մանրամասն չեն բացատրում, թե ինչ առաջարկներով է հանդես եկել Թրամփի վարչակազմը և ինչ փաստաթղթեր պետք է ստորագրվեն այսօր։ Միջազգային մամուլում տեղ գտնող բազմաթիվ հրապարակումներից հետո միայն այսօր Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, թե պնդումները, թե ՀՀ-ն կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում։ Սակայն ուշագրավն այն է, որ այդ պնդումներն անում են միջազգային ԶԼՄ-ները, ինչպիսին AXIOS-ն է, Reuters-ը, KiyevPost-ը և այլք։
ՀՀ իշխանությունները հայ ժողովրդին պահում է տեղեկատվական վակուումի մեջ, և դիրքորոշումներ են հայտնում միայն այն իրավիճակում, երբ միջազգային մամուլը կոնկրետ մանրամասներ է տրամադրում Սպիտակ տանը սեղանին դրվելիք փաստաթղթերի վերաբերյալ։
Սա առավել մտահոգիչ է ՀՀ իշխանական այն մեկնաբանությունների ֆոնին, թե մերժել էին ապաշրջափակման հարցում ամերիկյան առաջարկը, քանի որ ինքնիշխանության խախտման ռիսկեր էին նկատել։
Սակայն միջազգային մամուլը շարունակում է գրել, որ Հայաստանը համաձայնել է անխոչընդոտ ճանապարհի։ Օրինակ, Axios-ը գրում է, որ Թրամփը Փաշինյանին առաջարկել է պաշտպանություն Բաքվի հարձակումից՝ ԱՄՆ-ի գլխավորած տարանցիկ միջանցքի դիմաց։
«ԱՄՆ միջնորդությամբ կնքված համաձայնագիրը նախատեսված է խաղաղություն ապահովելու համար, բայց նաև ներառում է խոշոր տնտեսական բաղադրիչ։ Հայաստանը համաձայնել է իր տարածքով անցնող 43.5 կիլոմետրանոց միջանցքի, որը կմշակվի ԱՄՆ-ի կողմից և կկոչվի «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Թուրքիայի հետ սահմանին գտնվող փոքրիկ ադրբեջանական անկլավի հետ»,- գրում է Axios-ը։
Օրերս էլ KiyevPost-ը հաղորդեց, որ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ նախատեսվում է ստորագրել մի շարք կարևոր փաստաթղթեր.
– Համատեղ հռչակագիր,
– Խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկ,
– ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին նամակի ստորագրում,
– ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հուշագրերի ընդունում։ Հայկական կողմից պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, թե ինչ է առաջարկվում և ինչ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը։
Ըստ բրիտանական Guardian-ի, «նախատեսվում է, որ տարանցիկ միջանցքը, ի վերջո, կներառի երկաթուղու, նավթի և գազի փոխանցման խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և մարդկանց տեղաշարժը»: Պարբերականը միաժամանակ հավելում է, որ ըստ համաձայնագրի, դրա կառուցման գումարը տրամադրվելու է ոչ թե Ամերիկայի, այլ՝ մասնավոր կորպորացիաների կողմից: Հայաստանյան հասարակությունը միայն միջազգային ԶԼՄ-ներից է տեղեկանում, որ ՀՀ տարածքով անցնող երթուղին պետք է ունենա TRIPP անվանումը, նույնը վերաբերում է նաև քննարկվելիք փաստաթղթերին։ Հայ ժողովուրդը հայտնվել է տեղեկատվական վակուումի մեջ կենսական ու գոյութենական կարևորության հարցերի վերաբերյալ։
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ սա ռեգիոնից Ռուսաստանին ու Իրանին դուրս բերելու և ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու ծրագիր է, որից Հայաստանի շահի հարցը խիստ կասկածելի է։

Ըստ նրա, հասկանալի չէ, թե ինչ է շահում Հայաստանն այս ամենից։ «Հասկանալի է, որ Ադրբեջանը, Թուրքիան ստանում են ճանապարհ ու հնարավորություններ, որոնց մասին երկար ժամանակ երազել են, ամրապնդվում է ԱՄՆ-ը, եթե հաստատվեն շրջանառվող տեղեկությունները, ապա ԱՄՆ-ը կստանա ներկայություն տեղում։ ՌԴ-ն ու Իրանը կհայտնվեն լուսանցքային կարգավիճակում գոնե այս փուլում, եթե ստորագրվեն այն փաստաթղթերը, որոնց մասին գրվում է մամուլում»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ սրանով կդրվի ռեգիոնում աշխարհաքաղաքական ազդեցության ու ներկայության նոր մեխանիզմների հիմքը։
Նրա դիտարկմամբ՝ ՌԴ-ն ժամանակավոր նահանջել է Հարավային Կովկասից, իսկ Իրանը հույս ունի, որ իր դիրքորոշումները հաշվի կառնվեն։
«Կարծում եմ՝ Իրանը որոշակի ազդակներ է հղելու ռեգիոնին, այս իմաստով երևի թե կարևոր կլինի Իրանի նախագահի առաջիկա այցը Հայաստան, որը տեղի կունենա այսօր սպասվելիք բանակցություններից հետո»,- ասաց Եվսեևը։



