
TRIPP՝ Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման. Ի՞նչ անվանում է նախատեսում Թրամփի վարչակազմը երթուղու շուրջ Փաշինյան-Ալիև համաձայնության համար

Վաղը Սպիտակ տանը կայանալիք Թրամփ-Փաշինյան Թրամփ-Ալիև և Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումներին ընդառաջ՝ միջազգային մամուլը շարունակում է ուշագրավ մանրամասներ հրապարակել սպասվող պայմանավորվածությունների վերաբերյալ:
Reuters գործակալությունը հերթական անգամ է անդրադարձել հնարավոր պայմանավորվածություններին՝ գրելով, թե Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին։ Ըստ լրատվամիջոցի, ճանապարհը կանվանվի «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի»։
Ըստ աղբյուրի՝ Խաղաղության համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ էներգակիրներ արտադրող մի տարածաշրջան, որը գտնվում է Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի և Իրանի միջև։ Այդտեղով անցնում են նավթի և գազի խողովակաշարեր, սակայն այն տառապում է փակ սահմաններից և երկարատև էթնիկ հակամարտություններից։
ԱՄՆ պաշտոնյաներն անանուն մնալու պայմանով հայտնել են, որ կստորագրվի շրջանակային փաստաթուղթ, որն ուղղված կլինի «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելուն և երկարատև տարանցիկ խնդիրը լուծելուն:
։Համաձայն փաստաթղթի մանրակրկիտ համաձայնեցված այն հատվածի, որը ղեկավարները ստորագրելու են ուրբաթ օրը՝ Հայաստանն ԱՄՆ-ին երկարաժամկետ հիմունքներով տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ կտրամադրի։ Ամերիկացի պաշտոնյաները նաև հայտնել են, որ այդ երթուղին կկոչվի TRIPP՝ «Trump Route for International Peace and Prosperity» («Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»)։ Ասվում է նաև, որ երթուղին կգործի հայկական օրենսդրությամբ, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալությամբ կհանձնեն կոնսորցիումին՝ ենթակառուցվածքներ կառուցելու և դրանք կառավարելու համար։
«Այս քայլն առևտրային մեխանիզմների միջոցով կբացահայտի տարածաշրջանի ներուժը և կօգնի խուսափել նոր ռազմական գործողություններից»,- նշել է պաշտոնյաներից մեկը։
Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է նախապայման լինել Ադրբեջանի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» անդամակցելու համար, որը հարաբերությունների կարգավորման պայմանագրերի շարք է Իսրայելի և մահմեդական 4 երկրների միջև, որոնք Թրամփը կնքել է իր նախագահության առաջին ժամկետում։
«Kiyev post»-ում էլ՝ «Հակամարտությունից դեպի առևտուր. «Թրամփի ուղին» կապելու է Ադրբեջանը և Հայաստանը նոր խաղաղության համաձայնագրում» վերտառությամբ հոդված է գրել վաշինգտոնաբնակ ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաֆօղլուն, ով օրերս դարձավ Թրամփի՝ Սպիտակ տանը Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին առաջինը տեղեկատվություն տարածած լրագրողը:
Ըստ հոդվածագրի՝ պաշտոնյաները Kyiv Post-ին ասել են, որ ուրբաթ օրը կնքվելիք խաղաղության գործարքը նպատակ ունի Կովկասը դնել «խաղաղության անդառնալի ուղու» վրա և վերջ դնել տասնամյակներ տևած պատերազմին, սակայն կան հիմնական հարցեր, որոնք մնում են չլուծված։ «Գագաթնաժողովը, որն ամիսներ տևած լարված, կուլիսային բանակցությունների գագաթնակետն է, պատրաստ է վերաձևավորել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը և ԱՄՆ-ը դարձնել կենտրոնական խաղացող Ռուսաստանի և Իրանի կողմից երկար ժամանակ գերիշխող տարածաշրջանում»,- նշվում է հոդվածում:
Այս հոդվածում ևս նշվում է, որ ճանապարհը կկոչվի TRIPP:
Հոդվածագրի կարծիքով, այս նորարարական շրջանակը նախատեսված է երկու ազգերի միջև ամենավիճելի խնդիրը՝ կապակցվածությունը լուծելու համար։
«TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի հարավային Հայաստանով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևանի էքսկլավ։ Կարևոր է, որ ԱՄՆ պաշտոնյաները (Kyiv Post-ին խնդրել են չհրապարակել իրենց անունները) ասել են, որ երթուղին կպահպանի Հայաստանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը»։
TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ Պաշտոնյաները հստակեցրել են, որ ԱՄՆ-ը չի տրամադրում «կոշտ անվտանգության երաշխիք» կամ ուժեր չի տեղակայում երթուղում։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ը կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։ Քաղաքականապես լարված խնդրի այս վերաձևակերպումը առևտրայինի՝ վարչակազմի մոտեցման առանձնահատկությունն է»,- գրում է հոդվածագիրը:
Ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանություններն ընդգծում էին, թե չեն ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի առաջարկը, քանի որ նկատել են ինքնիշխանության զիջման վտանգ: Եվ ներկայումս անհասկանալի է, թե ինչ TRIPP-ից են խոսում միջազգային պարբերականներն իրենց հոդվածներում՝ հղում անելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին: ՀՀ իշխանությունները շարունակում են իրավիճակի վերաբերյալ լռություն պահպանել:
Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի զրույցում ասաց, որ դատելով միջազգային մամուլի արձագանքներից, վերջին ամիսների ընթացքում Թրամփի վարչակազմը բավականին ակտիվ աշխատել է Հարավային Կովկասում պայմանավորվածություններ ստանալու ուղղությամբ, որպեսզի վերջնականապես դուրս բերի ռուսական ու իրանական ազդեցությունը ռեգիոնից:
«Թերևս պատահական չէ նաև, որ հենց այս ընթացքում Ադրբեջանը վատթարացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի ՌԴ-ն չունենա որևէ մասնակցություն այս բանակցություններին:
Որքան էլ շատ են հրապարակումները, այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե ինչպես է աշխատելու այն ուղին, ինչը փորձում է ապահովել Թրամփի վարչակազմը, արդյո՞ք այն ընդունելի է պաշտոնական Երևանի համար, որը դեմ էր, օրինակ, ռուսական որևէ տեսակի մասնակցությանն այս ամենին, ինչպե՞ս է արձագանքելու Իրանը, որը վերջին շաբաթների ընթացքում բավականին սուր հայտարարություններ է անում և փորձում է զսպել ռեգիոնում այդ ճանապարհի ուղղությամբ պայմանավորվածությունները»,- նկատեց վերլուծաբանը: