
Փաշինյանն այդ մարդկանց «կերել» է այն օրը, երբ իր հետ գործարքի են գնացել. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը վստահ է՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները քարոզել և քարոզում են միասնականություն, և սրբազաններին մեղսագրվող կեղծ մեղքերը միտված են նրան, որ կազմաքանդեն եկեղեցին, հարվածներ հասցնեն Հայ Առաքելական եկեղեցուն, ժողովրդին և հանրությանը այլ լույսի ներքո ներկայացնեն այն:
«Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արշավ է սկսել Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Փաստացի, ներխուժեցին Մայր Աթոռ՝ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում, և սա կարելի է գրանցել՝ որպես հազարամյակների ամենագլխավոր խայտառակություն, որի մասին խոսեցին միջազգային մամուլում: Միջազգային մամուլի վերնագրերում նշվում էր՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է քրիստոնեությունից: Հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը սրում է իրավիճակը, գնում է քաղաքական վա բանկ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա անդրադարձավ նաև ՀՀԿ-ի և Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ տարբեր հրապարակումներին՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում. «Ժողովրդի լեզվով ասած՝ շառ են: ՀՀԿ-ն՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հայտարարել է, որ չի լքելու խրամատը, որը պահում է ՀՀ պետականությունը: Մենք դա գործով ենք ապացուցել: Այդ լատենտ նիկոլականները, որոնք ուժային տարբեր կենտրոնների կողմից ներդրված են ընդդիմադիր որոշ շրջանակների մեջ, փորձում են այս նեղ պահին, երբ միասնականություն է պետք, ավելի պառակտել տեղից էլ պառակտված դաշտը: Իրենք ուրախանում են, որ ՀՀԿ-ականներ են կալանավորվում, մեր վրա քրեական գործեր են հարուցվում: Այդ լատենտ նիկոլականները ներկայանում են՝ որպես Երկրորդ նախագահի աջակիցներ, թիմակիցներ, բայց նրանցից հրաժարվում են Երկրորդ նախագահի աջակիցները ևս»:
Հենրիխ Դանիելյանը վստահ է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն, ի վերջո, կմիանա իմպիչմենտի գործընթացին, բայց արձանագրում է՝ այս պահին դեռ չեն միացել. «Կա 6 ստորագրություն, որոնք «Պատիվ ունեմ»-ի պատգամավորների ստորագրությունն է: Երբ նախաձեռնում էինք իմպիչմենտի գործընթաց, մեր գործընկերներն ասում էին՝ դա անլուրջ գործընթաց է, բայց նույն այդ մեր գործընկերներն ասացին, որ պատրաստ են 28 պատգամավորով քվեարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության օգտին»:
Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել էր, որ Դավիթ Համբարձումյանն անառարկելի հեղինակություն ունի իր միջավայրում, և, որ նույնիսկ ՔՊ-ում եղած ժամանակ իր հարազատներին չի կարողացել համոզել, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին, նրանք քվեարկել են Դավիթ Համբարձումյանի օգտին: Իսկ Հայկ Մամիջանյանն ասել էր, որ բոլորը դրական են վերաբերվում Դավիթ Համբարձումյանին, և, որ ամենաբարդը «Հայաստան» խմբակցությունից ստորագրություն ստանալն է՝ իմպիչմենտի գործընթացի համար:
Հենրիխ Դանիելյանը նկատեց՝ մտածում էին, որ խնդիր ունեն միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկումներ ծավալելու, բայց այս պահին երկու խմբակցության հետ էլ խնդիր ունեն. «Օբյեկտիվ իրականությունն այն է, որ ՀՀ ԱԺ-ում կա երեք խմբակցություն, մի խմբակցությունը նախաձեռնել է իմպիչմենտի գործընթաց, երկու խմբակցություններն այս պահի դրությամբ չեն միանում: Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ ես վստահեցնում եմ, որ շատ ու շատ այլ մարդկանցից ևս կարող ենք լսել այդ դրական կարծիքները, այդ թվում՝ ՔՊ-ից: Այդ պատճառով է նաև Դավիթ Համբարձումյանը մեր թեկնածուն, որովհետև իր կյանքով ապացուցել է՝ շփման մեջ ինքը լավ ընկեր, հայրենասեր քրիստոնյա է»:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ հնարավոր չէ Փաշինյանին ընտրություններով հաղթել. «Եթե Գյումրին համարում ենք հաղթանակ, դա ուղղակի ծիծաղելի է, որովհետև այն ռեսուրսը, որը Փաշինյանի դրել է Գյումրու վրա, դա անգամ 10 տոկոսը չէ նրա, ինչը նա դնելու է համապետական ընտրությունների վրա: Բոլորս հայտնվելու ենք այդ ամիսներին բանտում: Ակնհայտ է, չէ՞, որ Սամվել Կարապետյանը ոչինչ չի արել: Նա Հայաստանում միայն ներդրումներ է արել: Սամվել Կարապետյանը միայն ասել է, որ ինչ-որ խմբակ հարձակվել է հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու վրա, եթե քաղաքական գործիչները չկարողանան դրա դեմն առնել, մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու»:
Հենրիխ Դանիելյանը դիմեց Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի գնացած մարդկանց՝ պատկերավոր պատմություն ներկայացնելով և նշելով, որ Փաշինյանն այդ մարդկանց «կերել» է այն օրը, երբ իր հետ գործարքի են գնացել:
«Փաշինյանն ԱԺ-ում ասաց՝ սաղիդ լցնելու եմ ԱԱԾ-ի պադվալները, մի շաբաթ հետո բոլորին լցրեց ԱԱԾ-ի պադվալները: Հիմա էլ ասում է, որ կեղծելու է ընտրությունները, Հայաստանը հանձնելու է թուրքերին, ՌԴ անվտանգային հովանավորչությունից հրաժարվելու է և ամբողջությամբ հանձնվելու թուրքերին՝ ասելով, որ թուրքը իր բարեկամն է: Այդ մարդն ուղիղ տեքստով ասում է՝ իշխանությունը չի տալու ոչ մեկին, այսինքն՝ եթե դրվի ՀՀ գոյության և իր իշխանության հարցը, Փաշինյանն ընտրելու է իշխանությունը»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում