
Ի՞նչ կարժենան Նիկոլ Փաշինյանի հիվանդագին ամբիցիաները ժողովրդի գրպանի վրա

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին ապօրինի կալանավորելուց հետո, իշխանական խունտան անցել է նրան սեփականության իրավունքով պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խլելու «հայրենանվեր» գործին։ ՔՊ-ականների ներկայացրած օրենսդրական փաթեթով՝ ամբողջանում է ՀԷՑ-ը բռնագրավելու օպերացիան։ Բռնագրավման պարտավորության բեռը կդնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուսերին։
Ժամանակին, երբ ՀԾԿՀ գործող նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՔՊ առաջադրմամբ պատրաստվում էր ստանձնել հանձնաժողովի նախագահի պարտականությունները, ու նրան հարց էին տալիս, թե արդյոք իրեն չե՞ն բերում ՀԷՑ-ը խլելու համար, ասում էր՝ «ես տենց օրակարգ չունեմ»։
Բայց, ինչպես տեսնում ենք, Մեսրոպ Մեսրոպյանը գալիս էր հենց այդ օրակարգով, ու հիմա նա ստանձնելու է ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու «սրբազան» գործը։
Իհարկե, առաջին փուլում պատրաստվում են վերցնել ընկերության կառավարումը։
Դրա համար, ներկայացված օրենսդրական փոփոխություններով, ՀԾԿՀ նախագահին վերապահում են նոր լիազորություններ, որը նրան թույլ կտա լիազոր մարմնի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդման հիման վրա, անհապաղ, ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում, հարուցել վարչական վարույթ ու վարույթի արդյունքներով սեփականատերերի ձեռքից վերցնել իրենց սեփականության կառավարման իրավունքը։
Դրան կհաջորդեն մնացած գործընթացները, որոնք պետք է ամբողջացնեն սեփականատիրոջ սեփականությունը խլելու օպերացիան, ինչը պատրաստվում են իրականացնել լիցենզիայից զրկելով և ընկերության բաժնետոմսերը գնելու առաջնային իրավունքը կառավարությանը վերապահելով։ Կառաջարկեն սեփականատիրոջը՝ վաճառել ընկերության բաժնետոմսերը, իսկ եթե հրաժարվի՝ գերակա շահ կճանաչեն ու կխլեն սեփականությունը։ Իհարկե, դրա համար տալով համարժեք փոխհատուցում։
Իսկ թե ո՞ւմ հաշվին է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում փոխհատուցել ՀԷՑ-ը խլելու գինը, դժվար չէ հասկանալ։ Բնականաբար, այդ գումարներն իրենց գրպաններից չեն վճարելու, վճարելու են պետական բյուջեի ու հարկատուների հարկերի հաշվին։
Հարկատուների հաշվին Նիկոլ Փաշինյանն ուզում է բավարարել իր հիվանդագին ամբիցիաներն ու դա փորձում է մատուցել՝ որպես ժողովրդին արվող մեծագույն լավություն։ Թքած, թե դրանով ինչ ահռելի վնասներ կհասցնեն երկրի հեղինակությանը, տնտեսության վարկանիշին ու ներդրումային գրավչությանը, եթե դրանից դեռ ինչ-որ բան մնացել է։
Ի՞նչ կարժենա Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների այս արկածախնդրությունը բյուջեի ու հարկատուների վրա, դեռ վաղ է ասել։ Դրա համար նախ պիտի ընկերության շուկայական գնահատում իրականացվի։
Ամեն դեպքում՝ խոսքը լինելու է հարյուրավոր միլիոն դոլարների մասին, որ վճարվելու են պետական բյուջեից։ Այն բյուջեից, որը Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ անվանում է ժողովրդի գրպանը։ Ժողովրդի գրպանի հաշվին ներկայացնում են, թե իբր ժողովրդին լավություն են անում։ Իրականում մեծագույն վատություն են անում, որին ժողովուրդն առերեսվելու է հետագայում, երբ այս ամենի հետևանքները դուրս գան ջրի երես։
Պետությունը երբեք էլ չի եղել սեփականության լավագույն կառավարիչ։ Բայց դա չի խանգարում, որպեսզի անձնական նպատակահարմարություններից ելնելով՝ պետականացման անվան տակ, խլեն մասնավորի սեփականությունն ու հանձնեն պետական կառավարման։
Ժամանակին, երբ ՀԷՑ-ը դեռ պետական էր, համակարգի կորուստները, որոնք, հայտնի է, թե ինչպես են ձևավորվում, հասնում էին 40-50 տոկոսի։ Մասնավորին անցնելուց հետո, դրանք նվազեցին ու այսօր կազմում են ընդամենը 6,5-7 տոկոս։ Ոչ մի կասկած չկա, որ ՀԷՑ-ը պետությանը վերադարձնելուց հետո պատմությունը կրկնվելու է։ Ու դրա համար կրկին վճարելու է ժողովուրդը՝ հոսանքի սակագները բարձրացնելու տեսքով։ Շատ չի անցնի, ու կբախվենք սակագները վերանայելու խնդրի հետ, որովհետև կպարզվի, որ համակարգում ֆինանսական ճեղքեր են առաջացել։ Այդ ճեղքերը փակելու են՝ սակագները բարձրացնելով ու ֆինանսական բեռը սպառողների վրա դնելով։
Վտանգավորն այս ամենի մեջ նաև այն է, որ սա նախադեպ է դառնալու։ Դամոկլյան սուրը կախվելու է մնացած սեփականատերերի վրա։ Ցանկացած պահի ու պատճառաբանությամբ պետականացնելու կամ գերակա շահ ճանաչելու միջոցով կարող են խլել նրանց ունեցվածքը։ Օրենսդրությամբ առաջարկվող փոփոխություններն այսուհետ տալու են այդ հնարավորությունը։ Ու եթե որևէ մեկը փորձի չկատարել իշխանության «բարի» կամքը, չենթարկվել նրա ցանկություններին՝ հայտնվելու է սեփականությունը կորցնելու վտանգի տակ։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՀԷՑ-ի հետ, վաղը սպառնում է էներգետիկ համակարգի ցանկացած այլ ընկերության, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիային» կամ էլեկտրաէներգիա արտադրող կայաններին։
Սա ռեպրեսիվ միջամտություն է՝ ազատ տնտեսական հարաբերությունների ու մասնավոր սեփականության իրավունքի նկատմամբ։ Նման ոտնձգությունները երբեք շուտ չեն մոռացվում։ Ցանկացած ներդրող, ով կմտածի Հայաստան գալու մասին՝ աչքի առաջ ունենալու է ՀԷՑ-ի օրինակն ու մասնավոր սեփականության իրավունքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած բացահայտ արհամարհական վերաբերմունքը։
Հանրությունը վաղուց հասկացել է, որ գործ ունենք բացահայտ քաղաքական բռնաճնշումների հետ։ Եթե ժամանակին Սամվել Կարապետյանը համաձայներ իր սեփականությունից փայ հանել Նիկոլ Փաշինյանին, հաստատ այս ամենը հիմա տեղի չէր ունենա։ Այնպես, ինչպես եղավ մի շարք հայտնի ընկերությունների պարագայում, որոնք կանաչ լույս ստացան իշխանությունների կողմից։ Բայց քանի որ Սամվել Կարապետյանը հակառակվեց Նիկոլ Փաշինյանի ցանկություններին ու հրաժարվեց ՀԷՑ-ի բաժնետոմսերի մի մասը նվիրաբերել նրան, դա էլ քիչ է՝ հայտարարեց եկեղեցու կողքին կանգնելու մասին, պետական ռեպրեսիվ մեքենան միանգամից գործի դրվեց։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ