iLur.am-ի լրագրողը հրավիրվել է Ոստիկանություն
Ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանն այսօր «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ առավոտյան հրավիրվել է Ոստիկանություն, որտեղ իրեն են հանձնել դատաբժշկական եւ ապրանքագիտական փորձաքննությունների եզրակացությունները:
Լրագրողը նաեւ տեղեկացրել է, որ սա քրեական գործ հարուցելուց ի վեր առաջին դեպք է, երբ նախաքննությունը վարող քննիչը զանգահարել եւ հանդիպել է իրեն:
«Տեւական լռությունից հետո ես էլ արդեն ենթադրում էի, որ գործը ուզում են քնեցնել»,- մեկնաբանելով քննության ընթացքը, նշեց Հակոբ Կարապետյանը:
Հիշեցնենք. ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում, Երևանի ավագանու նախընտրական հանդիպման ժամանակ, անհայտ անձինք քաշքշել էին «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին` թույլ չտալով նկարահանումներ կատարել, իսկ Աշոտ Պապոյանը բռունցքով հարվածել էր դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում լրագրողը տեղեկացրեց. «Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ ես բութ գործիքով շրթունքիս վրա վնասվածք եմ ստացել եւ թեթեւ մարմնական վնասվածք է արձանագրվել»: Լրագրողը չթաքցրեց, սակայն, որ մինչ այդ ինքը հակառակ մտավախությունն ուներ:
«Արձանագրվեց, փառք աստծո, որ մարմնական վնասվածք հասցվել էր, որովհետեւ որոշակի սիգնալներից ելնելով, ես մտավախություն ունեի, որ հնարավոր է նույնիսկ, որ դատաբժիշկը արձանագրի, որ որեւէ հարված չի եղել, համենայն դեպս, դատաբժիշկը արձանագրել է»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Ինչ վերաբերում է ապրանքագիտական փորձաքննությանը, ապա այսօր Ոստիկանությունում իրեն տրված եզրակացության համաձայն, հաստատվել է նաեւ հագուստի պատռված լինելու փաստը, հաշվարկվել է հասցված նյութական վնասի չափը: Դա, սակայն, ինչպես նշեց Հակոբ Կարապետյանը, «երկրորդական է, հիմնական խնդիրը նա է, որ Երեւանի ավագանու անդամ Աշոտ Պապոյանը հայտնվի մեղադրյալի աթոռին»:
Հակոբ Կարապետյանը նաեւ հայտնեց, որ այսօր նշանակված է առերեսում Աշոտ Պապոյանի հետ եւ իր կարծիքը հայտնեց քննչական այս գործողության վերաբերյալ:
«Ես մասնագետ չեմ, բայց, որքան գիտեմ, առերեսում լինում է այն դեպքերում, երբ գործի մասնակիցների ցուցմունքների միջեւ հակասություններ են լինում, այսինքն, հնարավոր է, ամենայն հավանականությամբ, Պապոյանը չի ընդունում իր մեղքը»,- ասաց լրագրողն ու հավելեց. «Համենայն դեպս քննությունը գնում է եւ մնում է սպասել ավարտին»:
Նշենք, որ ապրիլի 27-ին Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով:
Միջադեպին ներկա, ծառայություն կատարող ոստիկանը՝ թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու միջադեպի ժամանակ իր պարտականությունների կատարման մեջ թերանալու համար ոստիկանապետի հրամանով արժանացել է նկատողության: Նրա անմիջական ղեկավարին հայտարարվել էր խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Փաստինֆո