Հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հույս է հայտնել, որ Էրդողանի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին

Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Փաշինյանն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Նրա խոսքով՝ այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը՝ միջպետական հարաբերությունների հաստատման և երկխոսության խորացման գործընթացում։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են այսօրվա այցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային զարգացումներին, «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը և մի շարք այլ թեմաների։

Տեսանյութեր

Լրահոս