
Եթե այս միջնորդությունը չբավարարվի, մենք կմտածենք, որ պետությունն իր առաջ խնդիր է դրել 3-րդ նախագահին օրումեջ բերել դատարան. Ամրամ Մակինյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:
Դատական նիստը սկսվեց Սերժ Սարգսյանի պաշտպանների կողմից հանրային մեղադրող Հովիկ Հովակիմյանի վերաբերյալ բացարկի միջնորդության ներկայացմամբ: Միջնորդությունը ներկայացրեց 3-րդ նախագահի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Նրան միացավ նաև Ամրամ Մակինյանը:
«Այս գործով հարգարժան պարոն Հովակիմյանն ինքնուրույն չի գործում: Էս գործով պարոն Հովակիմյանն առնվազն կողմնակալ է, ինքնուրույն չէ»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Դատախազ Հովակիմյանը նախ շնորհակալություն հայտնեց պաշտպանության կողմի՝ իրեն վերագրված գնահատականների համար, ապա նշեց, որ իր պրոֆեսիոնալիզմը թույլ չի տա պաշտպանել առերևույթ անմեղ մարդու մեղադրանք: Դատավոր Գրիգորյանը մերժեց միջնորդությունը:
Հաջորդիվ Ամրամ Մակինյանը միջնորդեց այս վարույթի քննությանը միացնել Սերժ Սարգսյանի վերաբերյալ Արամ Գրիգորյանի վարույթում գտնվող մեկ այլ գործ:
Հանրային մեղադրողն ասաց՝ այդ գործին («Սիլվայի գործ».- Գ.Ս.) ծանոթ չէ, միգուցե հարյուրավոր վկաներ կան, ինչը հնարավորություն չի տա միացնել այս վարույթները: Խնդրեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև հաջորդ նիստ:
«Եթե այս միջնորդությունը չբավարարվի, մենք կմտածենք, որ պետությունն իր առաջ խնդիր է դրել 3-րդ նախագահին օրումեջ բերել դատարան»,- ասաց պաշտպանը:
Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև էական հանգամանքների պարզումը:
Հաջորդիվ պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդեց քննել Սերժ Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, քանի որ 3-րդ նախագահի՝ ազատ տեղաշարժի հարցերում անհարմարություններ կան:
Դատախազը կրկին միջնորդեց հետաձգել հարցի քննարկումը, սակայն դատարանը որոշեց 3-րդ նախագահի խափանման միջոցի հարցը քննարկել առաջնահերթության կարգով:
Ռուբեն Հակոբյանը միջնորդեց Սերժ Սարգսյանի «բացակայելու արգելք» խափանման միջոցը վերացնել կամ փոխել:
«Քննիչն իր միջնորդության մեջ գրել է, որ անհրաժեշտ է ապահովել մեղադրյալի փախուստը: Հասկանում ենք՝ տեխնիկական վրիպակ է, պետք է լիներ՝ կանխել, բայց ինչո՞ւ է քննիչը շտապել, իսկ հսկող դատախազն էլ չի վերացրել վրիպակը», -ասաց Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս նշեց՝ առաջին իսկ հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը գտնվել է մեղադրյալի կարգավիճակում, սակայն մերժել է վաղեմության հիմքով գործը կարճելու առաջարկը: Միշտ պատշաճ կերպով, առաջին իսկ կանչով՝ ներկայացել է հարցաքննության, բազմիցս դատարանի թույլտվությամբ մեկնել է արտասահման, միշտ վերադարձել է, երբեմն՝ ժամանակից շուտ:
«Հետևաբար՝ փախուստի ռիսկն առհասարակ բացակայում է: Նա դա ապացուցել է իր կենսագրությամբ»,- ասաց պաշտպանը:
Մյուս մեղադրյալի պաշտպան Գոռ Գևորգյանը միացավ միջնորդությանը՝ հավելելով՝ իր համար առհասարակ անհասկանալի է փառահեղ անցյալ ունեցող 3-րդ նախագահի նկատմամբ նման խափանման միջոցի կիրառումն առհասարակ:
Մյուս պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը:
Հանրային մեղադրողն ասաց՝ խափանման միջոցը վերացնելու հիմքեր չկան, բայց դեմ չէ, որ բացակայելու արգելք խափանման միջոցը փոխվի 5 միլիոն դրամ գրավով:
Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու: Վերադառնալով՝ դատավոր Արամ Գրիգորյանը որոշեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը ու կիրառել 5 միլիոն դրամ գրավ խափանման միջոց:
Դատական նիստն ավարտվեց. Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 26-ին՝ ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։
«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել էին ՀՀ դատախազությունից:
Նշենք, որ ամիսներ առաջ 4 տարվա դատավարությունից հետո Սերժ Սարգսյանն արդարացվեց մեկ այլ շինծու գործով, որը ստացել էր «Դիզելի գործ» անվանումը:
Մանրամասները՝ տեսանյութում: