
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին շարունակվեց մեղադրանքի կողմի վկա, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Մալխասյանի հարցաքննությունը, մեկնարկեց հաջորդ վկայի` Սամվել Գալստյանի հարցաքննությունը։
Այս վկան ԵՊԲՀ ռազմաբժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։
Հանրային մեղադրողի հարցերից վկայի ինքնազգացողությունը վատացավ, վերջինս պահանջեց շտապ բուժօգնություն կանչել ու իրեն տանել այդտեղից:
«Ինձ մի՛ ներվայնացրեք, շտապօգնության մեքենա կանչեք, թող ինձ տանեն հիվանդանոց: Ես բողոքելու եմ: Սրտի վիրահատություններ եմ տարել, անընդհատ նույն հարցերն եք տալիս, մեղադրում եք»,- ասաց վկան՝ հավելելով՝ ինքը հանցագործ չէ, հանցագործները մարդասպաններն են:
Այսօրվա դատական նիստին քննարկվեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը. Հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել տնային կալանքի ժամկետը՝ բերելով անփոփոխ «փաստարկը» ՝ կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, չեն հարցաքննվել բոլոր վկաներն ու մեղադրյալները:
«Եթե գտնում եք, որ ավելի նվազ խափանման միջոցի կիրառմամբ կարող եք հասնել մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովմանը, թողնում եմ դատարանի հայեցողությանը»,- ասաց հանրային մեղադրողը:
Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պնդեց՝ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, և նրան ազատ արձակելու հարցերն այլ տեղ ու այլ կերպ են որոշվում:
«Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանն ասել է՝ նույն հիմքերով այլևս հնարավոր չէ Աշոտյանին պահել տնային կալանքի տակ: Դատախազությունը Վճռաբեկ չի բողոքարկել Վերաքննիչի այդ որոշումը: Զարմանում եմ, որ այսօր պնդում է, որ տնային կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Ռուբեն Մելիքյանն էլ անդրադարձավ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը:
Յուրաքանչյուր անգամ դատարանը պետք է մանրամասն պատճառաբանի՝ կոնկրետ ո՞ր վկաների կամ վկաների հարցաքննության համար են Աշոտյանին կալանքի տակ պահում, և դրանք ի՞նչ կերպ կարող են անդրադառնալ վարույթին խոչընդոտելու՝ հիմնավորման վրա: Վերաքննիչը նշել է՝ դատարանը յուրաքանչյուր անգամ պետք է բարձրացնի ապացուցման շեմը: 10 վկաներից 7-ն արդեն հարցաքննվել են»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Արմեն Աշոտյանն էլ ասաց՝ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ սկսած 2018թ.-ից:
«ժամանակն անողոք է՝ ինչպես մարդկանց, այնպես էլ՝ երկրների ու ժողովուրդների նկատմամբ: Այս երկու տարվա ընթացքում փոխվել է և՛ իմ երկիրը, և՛ իմ ժողովուրդը, ցավոք, վատ իմաստով: Դուք, պատվարժան դատարան, հարցաքննեցիք բազում վկաների, որոնցից ոչ ոք իմ դեմ ցուցմունք չտվեց: Բացի դրանից, Պրոբացիայի ծառայությունը 25 անգամ այցելել է տնային կալանքի կրման իմ վայր և ոչ մի խախտում չի արձանագրել: Ուզում եմ նաև հիշեցնել, որ իմ վերաբերյալ արտաքին դիտման փաստաթղթերը, պատվարժան դատարան, մենք այդպես էլ չստացանք, մինչդեռ դրանք մեզ համար նոր ապացուցողական բազա ներկայացնելու հնարավորություն էին»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նաև նկատեց՝ խոչընդոտվել է իր քաղաքական գործունեությունը:
«Սոկրատի նման ասեմ՝ բաց կթողնեք, կլինեմ բացառություն, բաց չեք թողնի, կշարունակեմ փիլիսոփայել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մյուս մեղադրյալների պաշտպանները միացան միջնորդությանը:
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց՝ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնել 2 ամսով՝ մինչև 2025թ. օգոստոս:
Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: