Քոր
Բուժիչ նամակներ
Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։
Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն, սակայն գիտնականները կարծում են, որ դա առաջանում է հորմոնալ խանգարումների կամ դրանց գոյացման գործընթացի անբավարարության, մաշկային ինֆեկցիաների, շաքարային դիաբետի, ալերգիայի, լյարդի գործունեության խանգարման, դեղնախտի, վահանագեղձի, աղեստամոքսային և լիմֆատիկ համակարգերի հիվանդությունների հետևանքով։ Աշնանը և գարնանն առաջացող «եղանակային» քորը ճնշման տատանումների, իսկ տարեց մարդկանց մոտ` լյարդի գործունեության, մաշկի չորության արդյունք է։
Քորը կարող է առաջանալ նաև սալիցիլաթթու պարունակող դեղորայքի ընդունման կամ PP վիտամինի (նիկոտինաթթու կամ նույն ինքը` նիացին) չարաշահման հետևանքով։
Նախնական շրջանում մինչև բուն պատճառի ախտորոշումը խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից աղի, կծու և այլ համեմունքները, սուրճը, թունդ թեյը, ալկոհոլը։ Խորհուրդ է տրվում` խմել հանգստացնող թեյեր, կալցիում և հակահիստամինային (հակաալերգիկ), իսկ տարիքային քորի դեպքում` նաև յոդ պարունակող դեղորայք։ Օգտակար են կաղնու կեղևի եփուկով կամ կատվալեզվի խնկածաղկի թուրմերով լոգանքները, վաղենակի ոգեթուրմով, եղևինի յուղով, մենթոլ պարունակող քսուքներով շփումները, և այլն։
Քորը հանգստացնող դեղաբույսերի ցանկը բավականին ընդարձակ է.
Բերենիկե. 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Օգտագործեք թրջոցի ձևով կամ շփեք մաշկը։
- Թարմ խոտը 15 օր թրմեք ձիթապտղի յուղի մեջ (1։10) տաք տեղում, օգտագործեք` որպես քսուք։
- Թարմ խոտի հյութը 10 օր թրմեք 96 տոկոսանոց սպիրտում, ավելացրեք նույն քանակությամբ սպիրտ (կստացվի 1։2)։ Օգտագործելուց առաջ ոգեթուրմը լուծեք ջրի մեջ (1։2), ներմերսեք գլխամաշկին (մազարմատներին)։
Խուլ եղինջ. 30 գ թարմ խոտը 10 րոպե եփեք 1 լ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Դրեք թրջոց, ավելացրեք լոգանքի ջրին, շփեք մաշկին։
Պատրինջ. Թարմ տերևը 7 օր թրմեք սպիրտի մեջ (1։5), քամեք։ Ներմերսեք մաշկին։
Կռատուկ. 20 գ չոր արմատը 20 րոպե եփեք 200 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 15 րոպե թրմեք, քամեք։ Քսեք մաշկին։
- Խառնեք 15-ական գ կռատուկի արմատ, ուռենու կեղև, 15 րոպե եփեք 200 մլ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Խառնեք գոլ ջրին, լվացեք գլխամաշկը։
Կղմուխ. Չոր արմատը 10 օր թրմեք սպիրտի մեջ (1։5)։ Ներմերսեք մաշկին։
- Փոշիացրեք արմատը, 10 գ հումքը 20 րոպե եփեք 100 մլ ջրի մեջ, եփուկը խառնեք 50 գ խոզաճարպի հետ։ Քսեք մաշկին։
Խնկածաղիկ. 30 գ ցողունը 30 րոպե թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին (35-37 C, 20 րոպե)։
Սոճի. Խառնեք 50-ական գ փշատերև և բողբոջ, 15 րոպե եփեք 1 լ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Լվացեք մաշկը, ավելացրեք լոգանքի ջրին։
Գիհի սովորական. 100 գ պտուղը 30 րոպե եփեք 1 լ ջրում։ Պտուղը 14 օր թրմեք օղու մեջ (1։2), քամեք։ Խառնեք ջրի հետ (1։3), լվացեք մաշկը, ավելացրեք լոգանքի ջրին։
Կեչի. Խառնեք 5-ական գ կեչու կուպր և լանոլին, 7 գ ցինկօքսիդ, 20 գ վազելին։ Քսեք թութքի առաջացրած քորի դեպքում` քնելուց առաջ։
Եղինջ. 10 գ արմատը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, եփեք 20 րոպե, ավելացրեք 20 գ տերև (եղինջի), 30 րոպե թրմեք, քամեք։ Ներմերսեք գլխամաշկին։
- 100 գ թարմ տերևը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 500-ական մլ գինու քացախի և ջրի լուծույթի մեջ, քամեք։
- Թարմ տերևը 7 օր թրմեք օղու մեջ (1։2)։ Ոգեթուրմը լուծեք ջրի մեջ (1։1), ներմերսեք գլխամաշկին` քնելուց առաջ։
Կուսածաղիկ փոքր. 1 ճ/գ տերևը 20 րոպե եփեք 200 մլ ջրում, քամեք։ Քսեք մաշկին, կատարեք լվացումներ։
Ներքին օգտագործման համար
Հաճախ տեղային արտաքին բուժումը տալիս է ընդամենը ժամանակավոր թեթևացում, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նաև խմել հանգստացնող, հակաալերգիկ հատկություն ունեցող թուրմեր և եփուկներ։
- Խառնեք խուլ եղինջի, մանուշակ եռագույնի, կատվալեզու եռաբաժանի խոտերը, գետնամորու տերևը (1։1։1։1)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 2-3 անգամ` միայն թարմ վիճակում։
- 1 ճ/գ բերենիկեի խոտը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 40-ական մլ, օրը 10 անգամ` ժամը մեկ։
- 1 ճ/գ խուլ եղինջի խոտը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք փոքր չափաբաժիններով մեկ օրվա ընթացքում (ինչպես նախորդ դեղատոմսում)։
- Խմեք կեսական գ խուլ եղինջի ծաղկի փոշի` օրը 1-2 անգամ։
- Տրորեք սամիթի սերմը, 2 թ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 8-10 անգամ։ Շարունակեք 2 օր։
- 15 գ ուրցի խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք 15 օր։
- 2 ճ/գ խնկածաղկի խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք փոքր չափաբաժիններով օրվա ընթացքում։
- 1 ճ/գ կռատուկի արմատը 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
- Խառնեք խատուտիկի և կռատուկի արմատները (1։1)։ 1 ճ/գ հումքը 10 ժամ թրմեք 300 մլ ջրում, 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։
- 2 ճ/գ եղինջի տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ` գոլ վիճակում։
- 1 ճ/գ տուղտի արմատը 1 ժամ թրմեք 100 մլ սառը ջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 1 թ/գ մեղր կամ շաքար։ Խմեք 2-ական թ/գ` յուրաքանչյուր 2 ժամը մեկ։
- Տրորեք բռնչի սովորականի պտուղը։ 35 գ հումքը 4 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։