
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Մայիսի 14-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 9 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, արդեն ոստիկանություն այդ քաղաքացիների՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Վ. Ս․-ի և նրա կնոջ՝ 24-ամյա Վ. Բ․-ի անձնական խուզարկությամբ Վ. Ս․-ի մոտից հայտնաբերվել է 0.9 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը ըստ վերջինիս հայտարարության հանդիսանում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։