Ճապոնացի գիտնականներն Ատլանտյան օվկիանոսի հատակին հայտնաբերել են հին մայրցամաքի մնացորդներ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Բրազիլիայի ափերի մոտ, ճապոնական «Սինկայ-6500» բաթիսկաֆն ապրիլի վերջին հայտնաբերել է ժամանակին գոյություն ունեցող մայրցամաքի մնացորդներ:
Դրանք հայտնաբերվել են 910 մետր խորության վրա, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից հազար կիլոմետր դեպի հարավ-արևելք: Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են մի մայրցամաքի, որը ջրի տակ է անցել մի քանի տասնյակ միլիոն տարի առաջ:
Այն գոյություն է ունցել այն բանից որոշակի ժամանակ առաջ, ինչ Աֆրիկան ու Հարավային Ամերիկան անջատվել են միմյանցից մոտ 100 միլիոն տարի առաջ: Հարավային Ատլանտիկայում առաջին անգամ է բաթիսկաֆի կիրառմամբ անցկացվում նմանատիպ հետազոտություն:
Ճապոնացի հետազոտողների հայտնագործությունը վերստին սկիզբ է դրել հին հույն փիլիսոփա Պլատոնի կողմից հիշատակված Ատլանտիդա միֆական մայրցամաքի կործանման մասին խոսակցություններին, որը ջրասույզ է եղել երկրաշարժի հետևանքով: