Ինչպե՞ս խուսափել ողնաշարի ճողվածքից, ձիու պոչի համախտանիշից․ Նյարդաբանի խորհուրդը

Շատերը կյանքի ընթացքում ունենում են մեջքի ցավ, գլխապտույտ, ձեռքի և ոտքի թուլություն, որոնք կարող են պայմանավորված լինել ողնաշարի ճողվածքով։

Հիվանդության, զարգացման պատճառների մասին զրուցել ենք նյարդաբան Ալլա Վարդանյանի հետ։

Ի՞նչ է ողնաշարի ճողվածքը։

Կարդացեք նաև

– Առհասարակ միջողային սկավառակը ողնաշարի համար ամորտիզացման դեր է կատարում։ Կազմված է փափուկ կորիզից ու ավելի հաստ թաղանթից։ Երբ հաստ թաղանթը պատռվում է, փափուկ կորիզը դուրս է գալիս պատռվածքի հատվածից, ու այն հենց ճողվածքն է։

– Ո՞ր ախտանշաններն են հուշում խնդրի առկայության մասին։

– Հնարավոր է՝ մարդն ունենա ճողվածք ու բացարձակ դրա մասին չիմանա։ Ճողվածքը կլինիկապես դրսևորվում է, երբ սկսում է ճնշել հարող ողնուղեղային նյարդարմատին կամ ողնուղեղին, և այդ ժամանակ արդեն ախտանիշները կախված են լոկալիզացիայից։

Եթե, օրինակ, պարանոցային հատվածում է, առաջանում է ցավ պարանոցում, դեպի ձեռք խփող ցավ, մկանային ձգում, թուլություն, ծակծկոցներ, թմրածություն։ Ողնաշարի կրծքային հատվածում ավելի հազվադեպ են ճողվածքներ հանդիպում։ Հաճախակի հանդիպում են գոտկային հատվածում, և այդ ժամանակ ցավը ճառագայթում է ոտքով դեպի ներքև, առաջացնում է նաև մկանային ձգվածություն։ Որոշ դեպքերում կարող է առաջացնել զգացողական խանգարումներ, մկանային թուլություն, ընդհուպ մինչև կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում։

Հուշող ախտանշաններից են նաև գլխացավն ու գլխապտույտը։

Պարանոցային հատվածում՝ այո՛, կարող է լինել՝ կապված մկանային ձգման հետ։

– Հաճախ նշում են, որ ձեռքերի և ոտքերի հատվածում կա թուլություն սա նյարդերի վնասման հե՞տ է կապված։

– Առհասարակ քիչ հավանական է, որ եթե ձեռքերում և ոտքերում կա խնդիր՝ պատճառը ճողվածքն է, որովհետև այնքան էլ հավանական չէ, որ այդ քանակի ճողվածքներ, որոնք նյարդերի են հարում՝ առաջացնում են կլինիկական դրսևորում բոլոր չորս վերջույթներում։

Նստակյաց ապրելակերպը դեր ունի՞ ճողվածքի առաջացման գործում։

– Այո՛, նստակյաց ապրելակերպը մեծ դեր ունի։ Առհասարակ երկար ժամանակ ստատիկ դիրքը ողնաշարի համար գերծանրաբեռնվածություն է առաջացնում։ Նույն ձև ողնաշարը գերծանրաբեռնվում է նաև հավելյալ քաշի արդյունքում։ Օրինակ, ծանրաբեռնվում է պրոֆեսիոնալ մարզիկների մոտ։ Ռիսկի խմբում են նաև ծխողները, որովհետև սկավառակի արյունամատակարարումը վատանում է, ինչը հանգեցնում է սկավառակում դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների։

Մեր օրերում բոլորը գլուխները կախ ման են գալիս, այսինքն՝ անընդհատ նայում են հեռախոսի էկրանին։ Այն և՞ս ազդում է։

– Կեցվածքը մեծ կապ ունի մկանային լարվածության ու ողնաշարի ճիշտ գործունեության հետ։ Խորհուրդ է տրվում ուղիղ, ձիգ նստել, բայց բոլորիս մոտ ոչ միշտ է հաջողվում։ Առհասարակ լավ կլինի մկանները մարզված լինեն։ Երբ մեջքի, որովայնի մկանները զարգացած են լինում, կարողանում են որոշակի բեռնաթափել ողնաշարը, ծանրաբեռնվածությունն իրենց վրա վերցնել։

– Խնդիրը ո՞ր տարիքից է ի հայտ գալիս։

– Իրականում հստակ սահմաններ չկան։ Կապ ունի կենսակերպը, սակայն հիմնականում հանդիպում է միջին տարիքում՝ կանանց ու տղամարդկանց շրջանում։ Խնդիրն ավելի շատ գոտկային հատվածում է լինում ու գալիս է դեպի ոտք ճառագայթող մկանային ձգվածությամբ, քայլվածքի խանգարումով։

– Ի՞նչ հետազոտություններ պետք է կատարել՝ ողնաշարի ճողվածքը բացահայտելու համար։

– Ճողվածքների ախոտորոշման համար ոսկե ստանդարտը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան է, որի միջոցով հնարավոր է տեսնել փափուկ հյուսվածքները, միջողային սկավառակները։ Նաև այն, թե ինչքանո՞վ է ճողվածքը ճնշում նյարդին։

Նշեմ, որ առաջնային էտապում միշտ չէ, որ նշանակվում է ՄՌՏ հետազոտություն։ Եթե չկա սուր նյարդաբանական դեֆիցիտ, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում, հարաճող մկանային թուլություն, ճողվածքի առավել վտանգավոր բարդությունների կասկած, այդ ժամանակ խորհուրդ է տրվում սկսել կոնսերվատիվ՝ ոչ վիրահատական բուժում։ Կարող են պայմանական բաժանել երկու մասի․ սուր և վերականգնողական շրջանի բուժում։ Սուր փուլում հիմնականում ոչ ստերոիդ հակաբորբոքայիններ, դեղորայք են օգտագործում, վերականգնողական փուլում՝ ֆիզիոթերապիա և բուժական ֆիզկուլտուրա։ Հստակ ցուցումների դեպքում հնարավոր է կատարվի վիրահատական միջամտություն։

– Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ ողնաշարի ճողվածքը չբուժելու դեպքում։

– Հնարավոր է առաջանա՝ արմատիկային համախտանիշ, որը դրսևորվում է ցավային համախտանիշով։ Կարող է առաջանալ ձիու պոչի համախտանիշ (հիվանդագին վիճակ, որն առաջանում է ողնուղեղի ծայրից ներքև գտնվող նյարդերի խուրձը (ձիու պոչ) վնասվելու պատճառով)։ Դա լինում է, երբ ճողվածքները ողնաշարի գոտկասրբանային հատվածում են տեղակայվում, սեղմում և առաջացնում են կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում։

– Նաև ծանրություն բարձրացնե՞լն է խնդիրներ առաջացնում։

– Այո՛։ Ցանկացած բան, որը ողնաշարի համար հավելյալ ծանրաբեռնվածություն է, կարող է նպաստել խնդրի առաջացմանը։

Մի ժամանակ ասում էին, որ եթե չոր անկողնում քնես՝ խնդիրներ չեն առաջանա։

– Կա նմանատիպ ճշմարտություն։ Առհասարակ խորհուրդ է տրվում չոր անկողին ընտրել։ Օրթոպեդիկ անկողինը շատ հարմար է։ Սակայն, եթե խնդիրը կա, միայն սրանով չի կարելի սահմանափակվել։

Ի՞նչ անել՝ խուսափելու համար ողնաշարի ճողվածքից։

Բեռնաթափել ողնաշարը։ Օրինակ, եթե ունենանք լավ զարգացած մկանային կարկաս մեջքում, որովայնի հատվածում, դա կարող է բեռնաթափել ողնաշարը։ Ուշադրություն պետք է դարձնել կեցվածքին։ Նստակյաց ապրելակերպ վարողներին խորհուրդ է տրվում 30-60 րոպեն մեկ վեր կենալ պտտվել, գալ և շարունակել։

– Հիվանդությունն ունի՞ կրկնվելու հավանականություն։

– Եթե խոսքը կոնսերվատիվ բուժման մասին է, ապա մենք հանել ենք ախտանիշները, ճողվածքը ոչ մի տեղ չի անհետացել։ Իր կողմից առաջացած բորբոքումը, նյարդին սերտ հարումն է անհետացել ու, բնականաբար, ինչ-որ ժամանակ անց կարող է զգացնել տար։ Սուր փուլի դեպքում կրկին պետք է բուժում կատարել։

Տեսանյութեր

Լրահոս