
«Գիտեմ՝ ինչու է Արսեն Թորոսյանն այս գրառումն արել, չեմ ուզում մեկնաբանել. մի քանի հոգի կային, որոնք «Պավլիկ մորոզովներ» են». Հովիկ Աղազարյան

Երեկ «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ պատգամավորներին անհատական նամակներ ուղարկվեցին՝ Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում իմփիչմենթ նախաձեռնելու առաջարկով։ Այդ նամակներն ԱԺ նամակների արկղի մեջ գցեցին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այս գործընթացին, նախ ասել է, որ ««իմփիչմենթի գործընթացի» վարչապետի թեկնածու կարող է լինել Հովիկ Աղազարյանը», այնուհետև հետգրությամբ անդրադարձել է նաև լրագրողներին՝ շեշտելով, թե «այս թատերական ֆարսը լուսաբանող լրագրողների ինքնավստահությունից եմ ուզում»։
168.am–ը ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը հիշատակել իր անունը, վերջին շրջանում կոնկրետ Արսեն Թորոսյանի հետ որևէ քննարկում ունեցե՞լ է այս թեմայի հետ կապված։
Հովիկ Աղազարյանն արձագանքելով՝ ասաց՝ Արսեն Թորոսյանի ինտելեկտի մասին բարձր կարծիք է ունեցել, շարունակում է մնալ այդ կարծիքին, բայց նրա այլ թերությունների մասին գիտի։
«Այդ թերությունների մասին խոսելն այս հարցին չի վերաբերում, դրան մեկ ուրիշ անգամ կանդրադառնամ։ Բարձր եմ գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը, բայց ոչ ավելին՝ մնացածի հետ կապված ունեմ իմ վերապահումները, հետևաբար՝ կարծում եմ՝ նա այդ գրառումը պատահական չի արել»,- նշեց Հովիկ Աղազարյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ իր հետ տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո ընդամենը մեկ անգամ է դեմ դիմաց Արսեն Թորոսյանին ԱԺ-ում տեսել, միմյանց բարևել ու անցել են։
«Չենք շփվել ու չենք շփվում։ Թե ինչո՞ւ է արել Արսեն Թորոսյանն այդ գրառումը, պետք է մտածել այդ հարցի շուրջ, թեպետ ինքս գիտեմ՝ ինչու է արել, բայց չեմ ուզում մեկնաբանել»,- հավելեց պատգամավորը։
Հաջորդ հարցին՝ ՔՊ-ականների հետ որևէ շփում ունի՞, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ շփվում են այնքանով, որքանով մասնակցում է հանձնաժողովի նիստերին ու դրանց ժամանակ տեղի ունեցող քննարկումներին։
«Այլ շփումներ չունենք, չեմ ուզում իմ նախկին գործընկերներից որոշներին դնեմ հարվածի տակ՝ նրանց հետ շփվելով։ Ինքս ուրախ եմ, որ այդ թիմի անդամներից շատերն իրենց թույլ չտվեցին մտնել իմ հեռախոսի պարունակության մեջ։ Մի քանի հոգի կային, որոնք «Պավլիկ մորոզովներ» են, դա ապացուցելու համար պետք է մեծ ջանասիրություն ցուցաբերեին, ինչն էլ արեցին»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՔՊ-ի նախաձեռնությամբ Գլխավոր դատախազը գնաց ԱԺ և Հովիկ Աղազարյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ դրանից առաջ նա հրաժարվել էր վայր դնել պատգամավորի մանդատը, չնայած Նիկոլ Փաշինյանի հորդորներին։ Նրան ՔՊ-ականները մեղադրում էին ՔՊ-ից տեղեկատվության արտահոսք անելու մեջ։