
«Անհասկանալի է՝ իշխանությունն ի՞նչն է տոնում, ո՞ր քաղաքացու տոնն են նշում, որին պարտությո՞ւն են նվիրել». Աննա Մայիլյան

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Հայաստանում ամեն տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը «նշվում» է՝ որպես Քաղաքացու օր։ 2019 թվականի մարտի 21-ին Կառավարությունը հավանության էր արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունները, որով առաջարկվում էր նաև նշել Քաղաքացու օրը՝ որպես տոն։
Նիկոլ Փաշինյանը և իր թիմն ամեն տարի այս տոնը պարտաճանաչ նշում են՝ պետական բյուջեից ծախսելով ահռելի չափերի գումար։
Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է օրվա առիթով՝ նշելով, որ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։
«Արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում։ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ոչ միայն որևէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլև մոռացվել է նույնիսկ երբևէ Հայաստանում նման երևույթի գոյություն ունեցած լինելու փաստը։
Սա շնորհավորելու մեծագույն առիթ է։ Մեր Կառավարությունը ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորն է, բայց նաև ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ պիտի պաշտպանի իր ազատ կամարտահայտվելու իրավունքը, ու սա չափազանց կարևոր է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Այսօր, սակայն, Հայաստանում քաղաքացիների մեծ մասի համար անհասկանալի է օրվա խորհուրդը, երբ ժողովուրդն իշխանությունների համար դարձել «տուգանքի մատերիալ», սահմանին ապրող մարդիկ չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում ադրբեջանական կրակոցների տակ, պատերազմից հետո հազարավոր հայորդիների ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ, բազմաթիվ հայեր ադրբեջանական գերության մեջ են, Արցախից բռնի տեղահանված արցախահայերն ամեն օր բախվում են տարբեր խնդիրների, չունեն տուն, աշխատանք։
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մայիլյանի համար անհասկանալի է, թե ի՞նչն են նշում իշխանությունները՝ իրենց կրած պարտություննե՞րը։
«Անկեղծ, քանի տարի է, ես չգիտեմ այդ տոնի մասին, չեմ էլ իմացել, որ նման տոն կա։ Չգիտեմ, մայրաքաղաքում ապրողի՞ տոնն է, գյուղացո՞ւ, թե՞ հայ մարդու, չգիտեմ՝ իրենք ո՞ր քաղաքացու տոնն են նշում, որին պարտությո՞ւն են նվիրել։
Կարծում եմ՝ պետք է լինի հաղթանակ, որ հայ ժողովուրդն ուրախանա, տոնի, բայց այդ հաղթանակը չկա։ Ինձ համար անհասկանալի է, թե իշխանությունն ի՞նչն է տոնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աննա Մայիլյանը։
Նրա խոսքով՝ լավ կլիներ, եթե իշխանություններն այդ օրվա վրա ծախսվող գումարը խելամտորեն ծախսեին, ուղղեին ինչ-որ կարիքների լուծման։
«Այս գումարը պետք է այս պայմաններում ուղղեին ազգային-ռազմավարական ծրագրերի իրականացմանը, եթե, իհարկե, այդպիսիք իրենք մշակել են։
Առհասարակ, մեր երկիրը պետք է իր առջև ոչ թե ուտել-խմելու նպատակ դնի, այլ ազգային ծրագրերի, նպատակների. ուտել-խմելը ժամանակավոր բան է։ Գումարը, որն իշխանությունները պետք է ուղղեին ազգային ծրագրերին, գնում է անհայտ ուղղությամբ, ցավոք, այդպես է»,- ընդգծեց Աննա Մայիլյանը։