
Ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի
Կառավարությունը հաստատեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: Կառավարության ապրիլի 17–ի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2025թ մարտի 19–ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը, որին մասնակցել են 4 հավակնորդներ:
Խորհրդի անդամների գաղտնի քվեարկության արդյունքներով 19 կողմ ձայնով ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով ընտրվել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը:
«Պարոն Զաքոյանը նոր մարդ չէ բուհում, ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի: 2018 թվականից հանդիսացել է բուհի պրոռեկտորը, իսկ 2023-ի դեկտեմբերից կատարում է նաև ռեկտորի պարտականությունները: Այս ընթացքում մենք նաև համոզվել ենք պարոն Զաքոյանի կողմից բուհի կառավարման արդյունավետության մասով»,–ասաց նախարարը:
Հրաչյա Զաքոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք վստահել են իրեն այդ ոչ հեշտ աշխատանքը:
«Աշխատանքը ստանձնել եմ՝ պատկերացնելով դրա և բարդությունը, և պատասխանատվությունը, միևնույն ժամանակ տեսնելով պետական կառավարման մարմինների՝ շարունակական աջակցելու պատրաստակամությունը: Համաձայնել եմ ստանձնել այս պարտավորությունը՝ նաև նկատի ունենալով մի շատ կարևոր հանգամանք, որ Ագրարային համալսարանը ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում»,- ասաց Զաքոյանը:
Նա նկատեց, որ վերջին տարիներին ագրոպարենային ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը բազմաթիվ պետական օժանդակության ծրագրեր է իրականացնում:
«Իսկ առանց որակյալ մասնագետների՝ դժվար է պատկերացնել այդ ծրագրերի լիարժեք արդյունավետությունը: Հենց այդ նույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը՝ միևնույն ժամանակ լիովին տեսնելով բուհի վերափոխման, արդիականացման և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը»,– ասաց Զաքոյանը: