
Հայաստանի ու Ադրբեջանի դիմումի դեպքում եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր աշխատանքը. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, և Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան դիմումի դեպքում Ռուսաստանը հաճույքով կշարունակի իր աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունն՝ արված Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (RSPP) XXXIV համագումարի շրջանակներում։
ՌԴ փոխվարչապետը նաև կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները։
«Ինչ վերաբերում է փոխվարչապետների (խմբ․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև) եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն ձևավորվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ։
Այժմ այն գտնվում է «քնած» վիճակում։ Սա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև»,- ասել է նա։ Օվերչուկը նաև հավելել է, որ եռակողմ աշխատանքային խումբը ոչ ոք չի փակել․ «Եթե գործընկերները կապվեն մեզ հետ, և մենք կարող ենք ինչ-որ կերպ օգտակար լինել, ապա, իհարկե, ուրախ կլինենք շարունակել այս աշխատանքը: Բայց դա կախված է գործընկերներից», – ընդգծել է Ալեքսեյ Օվերչուկը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում էր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով։
Այս ձևաչափով մի շարք հանդիպումներ կողմերն անցկացրել են, սակայն վերջին շրջանում աշխատանքները դադարեցված են։