
Առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ

2024 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից մի շարք աշխատանքներ են կատարվել։
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2024 թվականին ուղարկվել է 365 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն (2023 թվականին՝ 311), ստացվել է 203 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն:
Ուղարկվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող և օտարերկրյա պետություններում հայտնաբերված անձանց հանձնելու մասին 34 միջնորդություն (2023 թվականին՝ 28):
Ներկայացված հանձնման միջնորդություններից 10-ը բավարարվել է, 5-ը` մերժվել, 19-ը գտնվում է քննարկման փուլում, բավարարվել է նախկինում ներկայացված միջնորդություններից 8-ը, մերժվել՝ 8-ը:
Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը:
Այս տարի կամ առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ և, նկատի ունենալով անդրազգային հանցավորության դեմ պայքարում «Եվրաջասթ»-ի իրավասության լայն շրջանակը, հնարավորություն կլինի քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել ավելի արդյունավետ համագործակցություն:
2024 թվականի ապրիլի 26-27-ին Եվրոպայի խորհրդի հետ համատեղ անցկացվել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 12 պատվիրակություն օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազություններից և միջազգային կազմակերպություններից:
2024 թվականի հոկտեմբերի 3-5-ը Երևանում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 7 պատվիրակություն՝ 45 պատվիրակ ԱՊՀ անդամ 6 պետություններից և միջազգային կազմակերպությունից:
2024 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև 2025-2026 թվականների Համագործակցության մասին ծրագիրը: Իրավական ապահովման ոլորտում 2024 թվականին մեծ աշխատանք է կատարվել, սակայն հատկապես կարևոր է նշել քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով վերականգնված միջոցների միասնական հաշվի ստեղծումը:
Դատախազության ստորաբաժանումներից ստացված 12 զեկուցագրերի վերլուծության հիման վրա՝ կազմվել և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 11 միջնորդություն:
Ներկայացված 11 միջնորդություններից 3-ը դեռ քննարկման փուլում են, 5-ի դեպքում կարգապահական վարույթ չի հարուցվել, 3-ի դեպքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ, որոնցից 1-ի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է նկատողություն, 1-ի դեպքում՝ խիստ նկատողություն, 1-ի դեպքում դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտում կատարելու հիմքով դադարեցվել են:
Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 322 խախտում (2023 թվականին՝ 148):
Պատկան մարմիններին ուղարկվել է 52 հաղորդում: Ստուգմամբ արձանագրված՝ օրենսդրությանը հակասող ակտերի վերաբերյալ ներկայացվել է 31 միջնորդագիր, օրենսդրությանը հակասող 3 ակտ կասեցվել է, ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ ներկայացվել է 9 միջնորդագիր: Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում իրականացվել է 11 ուսումնասիրություն՝ արձանագրվել է 107 խախտում:
Իրականացված ուսումնասիրություններով և ստուգումներով ներկայացվել են հանցանքի մասին 7 հաղորդում, որոնց արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության արդյունքներով իրականացվել է 8 կարգապահական վարույթ՝ 9 դատախազի նկատմամբ, որոնց արդյունքում՝ 1 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, 4 դատախազ ազատվել է կարգապահական տույժից, իսկ 1 դատախազի կողմից թույլ տրված խախտումները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունում:
2024 թվականին տեղի է ունեցել հանձնաժողովի 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է 5 դատախազի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, բոլոր նիստերի արդյունքներով` կայացվել է որոշում կարգապահական խախտման փաստը և դրանում դատախազի մեղավորությունը հաստատելու մասին: